March 1, 1997 – World Civil Defense Day
Emergency Book Extracts
Media in Emergency Situations
Another faded springtime, or a dark advice for humanity
March 1, 1997 – World Civil Defense Day
Երևանի Լենինի հրապարակում, ճիշտ է Լենինի արձանն ու անունը հանել են, բայց իներցիան դեռ մնացել է, շատրվանների դիմաց շարվել են Արտակարգ իրավիճակների վարչության սակավաթիվ փրկարարները, նրանց դիմաց` ունեցած տեխնիկան: Պատկերասրահի շենքից պարաններով կախվել ու իրենց մասնագիտական վարպետությունն են ցուցադրում մի քանի առավել աչքաբաց պրոֆեսիոնալները: Երաժշտություն, տոնական տրամադրություն, լրագրողներ, հարցազրույցներ: Շուտով տասնհինգ տարին կլրանա Սպիտակի երկրաշարժի: Այո, մեր երկիրն այսօր արդեն դասեր է քաղել` կառույց ունենք, զարգացում ունենք: Ես և Արտակարգ ալիք հեռուստահաղորդման լրագրողներն էլ բոլորին արտակարգ իրավիճակների մասին իրազեկության կարևորության մասին հարցեր ենք տալիս: Մեկ էլ ճռնչալով մի ոստիկանական մեքենա կանգնեց հրապարակի պռնկին ու ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանը շատ մտահոգ մոտեցավ ԱԻՎ պետ-նախարար Ստեփան Բադալյանին: ես նրա կողքին էի: Իջևանի ՆԳ բաժինն է վառվում, միջի մարդկանց չենք կարողանում հանել: Հրշեջները կրակը հանգցրել են, բայց պատը չեն կարողանում քանդել, ծակել: Երկու փրկարար վերցրեց իրենց գործիքներով ու սլացավ: Բայց ուր: Երևանից 150 կիլոմետր հեռավորությամբ Իջևանում, հրդեհի հետևանքով փայտաշեն ՆԳ բաժնի քարակերտ նախնական կալանքի խցում ծխից խեղդվեց 13 կասկածյալ, 13 առողջ, ընդամենը կասկածյալ` երիտասարդ: Հրշեջները միայն փողրակներ ու կացիններ ունեին, օպերատիվ ու պրոֆեսիոնալ հանգցրին կրակը: Այլևս ոչ մեկին պետք չեկող բանալիներով խուճապահար փախած հերթապահը, որն ըստ իր հրահանգի` իրավունք չուներ դուռը բացելու ու նոր ճողոպրելու, ըստ օրենքի` պարտավոր էր ապահովել մարդկանց տարհանումը կյանքի համար վտանգ ներկայացնող վայրից: Միակ փրկությունը պատը քանդելն էր, որն արեցին հարևան գնդից բերած տանկի օգնությամբ, բայց ուշ էր` ներսիններն արդեն ծխախեղդ էին եղել:
Քաղպաշտպանության համաշխարհային օրը նշելու ցուցադրական միջոցառման տոնական տրամադրությունն ի չիք դարձավ: Միլիցիայի հետ կռիվ տալով, սյուժեն պատրաստեցի ու եթեր գնաց նյութը` ՆԳ բաժնի շենքի հրդեհային անվտանգության մասին, աշխատակիցների խուճապի ու տարրական մտահոգության բացակայության մասին, արձագանքողների` այն ժամանակ հրշեջները նույնպես ՆԳՆ համակարգում էին, ուշ կողմնորոշվելու և տեխնիկական անբավարար զինվածության մասին, ԱԻՎ փրկարարների կենտրոնացվածության, ուշ տեղ հասնելու և ապակենտրոնացվածության անհրաժեշտության մասին: Ում համար են Երևանի փրկարարները, եթե նրանց օգնությունը շրջաններում էլ է անհրաժեշտ: Ինչու հրշեջները կտրող-ծակող գործիքներ պիտի չունենային: Այդ հիմա արդեն մեր բոլոր հրշեջները նաև փրկարար են, ուսուցանված են ու հագեցված փրկարարական գույք հանդերձանքով: Այդ հիմա արդեն բոլոր մարզերում ու քաղաքներում մենք ունենք հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներ`բոլորն էլ ապահովված անհրաժեշտ գույքով: Հետո առավել մանրամասն կներկայացնեմ, բայց հիմա առիթից օգտվելով, ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալությանը`Արձագանք կոչվող ապակենտրոնացման, տեխնիկական հագեցման և ուսուցման երկարաժամկետ ու արդյունավետ ծրագրի համար: