Media in emergency situations
2000 թվականին, երբ Հայաստանի փրկարար ծառայությունում (այն ժամանակ՝ Արտակարգ իրավիճակների վարչություն) մշակվում էր արտակարգ իրավիճակների կառավարման հանրային տեղեկատվության նոր հայեցակարգը, և հասարակության իրազեկվածության ապահովումը դարձավ օրախնդիր, հայեցակարգի հեղինակները, հիմնվելով սեփական հարուստ կենսափորձի վրա, ուսումնասիրելով և հաշվի առնելով նաև միջազգային փորձը (հիմնականում ՆԱՏՕ-ի բուդապեշտյան հրահանգները), կազմեցին ՀՀ արտակարգ իրավիճակների կառավարման «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ծրագիրը, որը նախատեսում է իրազեկման ծրագրերի և լրատվական ամբողջ դաշտի ընդգրկումը մասնագիտացված մեկ կառույցի մեջ: Այս կառույցի հիմնական նպատակն է՝ ձեւավորել բնական, տեխնածին, համաճարակային, էկոլոգիական և սոցիալական տարաբնույթ աղետները կառավարելու պատրաստ, ունակ ու իրազեկ քաղաքացի ունեցող համայնք (մարզ)` խոցելիության նվազեցման կայուն համակարգով: Իհարկե, միայն «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնով հնարավոր չէ լուծել համազգային խնդիրներ: Գործին պետք է լծվեն բոլորը, և կառավարման մարմինները՝ իրենց լրատվական ծառայություններով, և զանգվածային լրատվության միջոցները՝ իրենց անսահմանափակ հնարավորություններով, և բնակչությունը՝ ուսանելու, տեղեկացված լինելու իր պատրաստակամությամբ: Կյանքն այսօր զարգանում է խելահեղ տեմպերով՝ արդեն առկա վտանգներին ավելացնելով նորերը: Այնպես որ, սովորելու բան միշտ էլ կա ու կլինի: Իսկ սովորելու, փորձը փոխանակելու միակ միջոցը հաղորդակցությունն է: Ամենազանգվածային հաղորդակցությունն էլ՝ լրատվությունն է: Իսկ թե ինչ է լրատվությունն արտակարգ իրավիճակներում՝ կիմանաք այս գրքույկից:
Արտակարգ իրավիճակի կամ ճգնաժամի հետևանքով խախտվում է իրերի բնականոն ընթացքը, և մարդ հայտնվում է իր համար նոր, հաճախ կյանքին ու առողջությանը սպառնացող դրության մեջ:
Բնական կամ տեխնածին աղետները, կենցաղային արտակարգ իրավիճակները գալիս են ստուգելու մարդու պատրաստվածության աստիճանը, և եթե այդ աստիճանը բավարար չէ, հետևանքները կա-
րող են լինել անդառնալի:
Այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որ մարդը, ողջ հասարակությունն իր կառավարման մարմիններով հանդերձ գիտակցի անսպասելիին պատրաստ լինելու կարևորությունը: Իսկ պատրաստվածության առաջին և անհրաժեշտ պայմանը իրազեկումն է, որովհետև՝ «ով իրազեկված է, նա պաշտպանված է»: