Natural disasters threatening Armenia
Երկիրը, մեր մոլորակը, ոչ մեծ չափերի սովորական մի մոլորակ է, որը Ծիր Կաթինի կենտրոնից գտնվում է 30.000 լուսային տարի հեռավորության վրա: Սա արդեն հայտնի է գիտությանը: Իսկ թե քանի-քանի այսպիսի մոլորակ կա տիեզերքում՝ առայժմ միայն Աստծուն է հայտնի: Մեր մոլորակը եզակի է միայն այն բանի շնորհիվ, որ այստեղ բնակվում ենք մենք:
Աշխարհաստեղծման օրից ի վեր (այլ հարց է, թե ինչպես է գլուխ եկել այդ աշխարհաստեղծումը) Երկիրը
ինքնակարգավորման մեջ է: Սա էլ արդեն կարելի է համարել գիտականորեն ապացուցված թեզ: Երկրաշարժերն ու ցունամիները, հրաբուխներն ու ջրհեղեղները, կայծակներն ու հիդրոօդերևութաբանական երևույթները (խոշոր կարկուտ, հորդ անձրև և այլն), մի խոսքով,
բնական աղետ կոչվածները… ոչ այլ ինչ են, քան Երկիր մոլորակի ինքնակարգավորման միջոց:
Եթե անկեղծ լինենք ու կողքից հայացք գցենք՝ սրանք բոլորովին էլ աղետ չեն: Մե՞զ ինչ, թե Ջոմոլունգմայի գլխին ուժեղ կարկուտ կգա, եթե, իհարկե, այդ պահին մի լեռնագնացի մտքով չի
անցել մեր մոլորակով հիանալ բարձր սարի գագաթից: Կամ, ասենք, ի՞նչ աղետալի
բան կլինի, եթե Անտարկտիդայի խորքերում մի հզորագույն երկրաշարժ լինի: Այս դեպքում էլ, իհարկե,
ենթադրենք, որ այդ պահին Նանսենի կամ Ամունդսենի հետնորդներից մեկը, իր պետության դրոշը ձեռքին, չի ձգտում հասնել բևեռ: Բնական այդ երևույթները աղետ են դառնում միայն
այն դեպքում, երբ կոնկրետ վնասներ են հասցնում մեզ, մարդկանց, մարդկությանը:
Մեր հետագա ասելիքը ոչ թե աղետների, այլ բնական երևույթների մասին է. երկրաշարժ, ջրհեղեղ, սողանք, կայծակ ու կարկուտ: Բնական այլ երևույթներ էլ կան, որոնց գործունեության սահմանները գտնվում են մեզանից անվտանգ հեռավորության վրա (տոռնադո կամ ցունամի): Կան նաև այնպիսիք, որոնց ազդեցությունը կամ պակաս վտանգավոր է, կամ դրանք ինքնին անմիջական սպառնալիք չեն մեզ՝ հայաստանաբնակներիս համար: Ահա, միայն սրանք են այն պատճառները, որոնք ստիպեցին ընտրել հենց վերը թվարկված բնական երևույթները, տալ դրանց գիտական բնութագրումները, որոշ դեպքերում բերել պատմական փաստեր, նաև առաջարկել այնպիսի միջոցներ, որոնց շնորհիվ դրանք կմնան երևույթ, այլ ոչ՝ աղետ: