«10:30 ակումբի» կրթական այցը Տավուշ

Իջևանը հուլիսի 19-ին հյուրընկալեց «10:30 ակումբի» հերթական՝  9-րդ կրթական մարզայցը։ Նախաձեռնության ուշադրության կենտրոնում էին Տավուշի երիտասարդները՝ իրենց գաղափարներով, նորարար մտածողությամբ ու միջազգային շուկաներ նայող տեսլականով։ Հանդիպումը մեկնարկեց արդիական թեմայի վերաբերյալ բանախոսությամբ․ արհեստական բանականության կարևորության մասին Գևորգ Պողոսյանը շեշտում է՝ արագընթաց զարգացումների այս ժամանակաշրջանում արհեստական բանականության տիրապետումը ոչ միայն պահանջ է, այլ նաև՝ հնարավորություն։

Կրթական այցը միավորեց մի շարք երիտասարդների Տավուշից, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալու գործնական փորձ ունեցող խոսնակների հետ, խորանալու արհեստական բանականության աշխարհում, ինչպես նաև հասկանալու, թե ինչպես կարող են իրենց գաղափարները վերածել մրցակցային պրոդուկտների։

Կրթական այցելությունները մարզեր կարևոր դեր ունեն համայնքային զարգացման տեսանկյունից։ Դրանք գիտելիքի փոխանցման ձևաչափեր են, նաև վստահություն են սերմանում երիտասարդների մեջ, որ իրենց գաղափարները կարող են դառնալ մեծ ծրագրերի սկիզբը։

Հայաստանի մարզերում նմաօրինակ նախագծերը դառնում են խթան՝ տեղական ներուժը բացահայտելու և զարգացման ուղի գծելու համար։ Այդ համոզմունքն էլ հիմք է դարձել աջակից կազմակերպությանը մասնակցության համար։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցան նաև ինտերակտիվ զրույցներ, հարցուպատասխան, գաղափարների փոխանակում։

Իջևանում կայացած հանդիպումը հերթական հիշեցումն էր, որ մարզերի  երիտասարդներն ունեն մտքեր, տեսլական, գաղափարներ և ներուժ՝ դրանք իրագործելու։