18 անվճար հնարավորություն Հայաստանի երիտասարդների համար

Հակիրճ նկարագրություն

  1. Ուսանողների համար
  2. Քաղաքացիական ակտիվիստների, երիտասարդ առաջնորդների և կամավորների համար
  3. Դեռևս դպրոցում սովորողների համար
  4. Պրակտիկայի հնարավորություններ և դասընթացներ
  5. Երիտասարդ մասնագետների համար
  6. Որպես ոգեշնչում

Ուսանողների համար

ԷՐԱԶՄՈՒՍ+

ԵՄ-ն ուսման լայն հնարավորություններ է առաջարկում «ԷՐԱԶՄՈՒՍ+» ծրագրի միջոցով, այդ թվում՝ բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի ուսանողների փոխանակումներ եվրոպական համալսարաններում։ Փոխանակումները կազմում են ձեր օգտված ծրագրի մաս են կազմում և կարող են տևել մեկ կիսամյակից մինչև մեկ տարի: Ձեր կրած ծախսերը ևս ծածկվում են: Դուք կարող եք նաև դիմել «ԷՐԱԶՄՈՒՍ+» կրթաթոշակի՝ եվրոպական լավագույն համալսարաններում մագիստրոսի կոչում ստանալու համար:

Փոխանակումների համար այցելեք ձեր համալսարանի միջազգային հարաբերությունների բաժին. այնտեղ ձեզ կպատմեն, թե ձեր առարկայի հետ կապված ինչ հնարավորություններ կան և կօգնեն դիմել:

Մագիստրատուրայի համար անհրաժեշտ է ծանոթանալ «ԷՐԱԶՄՈՒՍ ՄՈՒՆԴՈՒՍ» համատեղ մագիստրոսական ծրագրերի կատալոգին, որտեղ թվարկված են գալիք ուսումնական տարում «ԷՐԱԶՄՈՒՍ» կրթաթոշակներ առաջարկող դասընթացները (ներկայումս նշված է 163 դասընթաց), այնուհետև կապ հաստատեք համալսարանի հետ՝ դասընթացի և կրթաթոշակի համար դիմելու նպատակով։

Հայաստանում «ԷՐԱԶՄՈՒՍ+» ծրագրի ազգային գրասենյակը պատրաստ է օգնել ձեզ ցանկացած տեղեկատվության հարցում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել նրանց վեբկայք, հետևել նրանց ֆեյսբուքյան էջին, գրել նրանց info@erasmusplus.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 91 216258 հեռախոսահամարով։

Եվրոպայի քոլեջի կրթաթոշակներ

Եվրոպայի քոլեջը մեծ թվով հետբուհական կրթության կրթաթոշակներ է առաջարկում Հայաստանի և Եվրոպական հարևանության քաղաքականության այլ երկրների բուհերի շրջանավարտներին: Արևելյան գործընկերության երկրների ուսանողների համար էլ հասանելի են կրթաթոշակներ, որոնք ֆինանսավորվում են «EU4Youth» ծրագրի կողմից: 2023-2024 ուսումնական տարվա համար հայտերի ընդունումը կմեկնարկի 2022 թվականի հոկտեմբերին և կավարտվի 2023 թվականի հունվարի կեսերին: Դուք կարող եք նախապես գրանցվել coleuropenatolin.eu կայքում՝ հայտերի ընդունման մեկնարկի մասին հիշեցում ստանալու համար:

Երիտասարդ եվրոպական դեսպաններ

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և ԵՄ անդամ երկրների ու Միացյալ Թագավորության երիտասարդներին և բարեկամության կամուրջներ է կառուցում նրանց միջև։ Ցանցի նպատակն է` բարձրացնել իր արևելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ներկայացնել այդ համագործակցության շոշափելի արդյունքները և նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը։ Ներկայումս ակտիվ գործող դեսպանների թիվն անցնում է 500-ը, նրանք ներկայացնում են ավելի քան 34 տարբեր ազգություններ։ Նրանցից 95-ը Հայաստանից են (սեղմեք այստեղ՝ նրանց ծանոթանալու համար): Ցանցը բաց է 16-ից 26 տարեկան երիտասարդների համար, ովքեր հետաքրքրված են հանրային դիվանագիտությամբ և իրազեկման աշխատանքներով: Հայտերի ընդունումը տեղի է ունենում ամեն տարի, սովորաբար՝ աշնանը:

Քաղաքացիական ակտիվիստների, երիտասարդ առաջնորդների և կամավորների համար

«ԷՐԱԶՄՈՒՍ+» երիտասարդական փոխանակումներ

«ԷՐԱԶՄՈՒՍ+»-ը միայն ուսանողների համար չէ: Վերջին տարիներին Հայաստանից հազարավոր երիտասարդներ և երիտասարդական աշխատողներ են մասնակցել «ԷՐԱԶՄՈՒՍ+»-ի համատեղ երիտասարդական նախագծերին (փոխանակումներ, դասընթացներ, քաղաքականության շուրջ բանավեճեր, կամավորություն): «ԷՐԱԶՄՈՒՍ+» երիտասարդական փոխանակումները բաց են 13-ից 30 տարեկան բոլոր ցանկացողների համար և տևում են 5-ից 21 օր: Այս փոխանակումները տեղի են ունենում երիտասարդական կազմակերպությունների միջոցով, իսկ դրանց ուղղակիորեն որպես անհատ դիմելն անհնար է: Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք Հայաստանում «ԷՐԱԶՄՈՒՍ+ Երիտասարդություն» ծրագրի տեղեկատվական կենտրոնի հետ՝ այցելելով նրանց վեբկայք կամ ֆեյսբուքյան էջ, զանգահարելով +374 94 525254 հեռախոսահամարով, կամ գրելով info.armenia@salto-youth.net էլ. փոստի հասցեին։

 Եվրոպական կամավորական կորպուս

Արտերկրում փորձ ձեռք բերելու եղանակներից մեկը Եվրոպական համերաշխության կորպուսի միջոցով կամավորական աշխատանքն է: Սա տարբեր մշակույթներ ճանաչելու և նոր ընկերներ ձեռք բերելու յուրօրինակ միջոց է, որը միաժամանակ հնարավորություն է տալիս օգնել ուրիշներին և ձեռք բերել նոր հմտություններ: Դուք պետք է լինեք 17-ից 30 տարեկան և պատրաստ լինեք արտերկրում անցկացնել երկու շաբաթից մինչև 12 ամիս: Կամավորական ծրագրերը կարող են իրականացվել Եվրամիության կամ նրա գործընկեր երկրներից ցանկացածում, ինչպես նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, երիտասարդությունը, սպորտը, երեխաները, մշակութային ժառանգությունը, արվեստը, կենդանիների պաշտպանությունը կամ շրջակա միջավայրը: Դիմելու ընթացակարգին և կամավորության հարյուրավոր հնարավորություններին ծանոթացե՛ք Եվրոպական համերաշխության կորպուսի պորտալում:

Քաղաքացիական հասարակության կրթաթոշակներ

ԵՄ-ը Հայաստանի և Արևելյան գործընկերության մյուս երկրների քաղաքացիական հասարակության երիտասարդ առաջնորդներին ու ակտիվիստներին աջակցում է «ԱլԳ քաղաքացիական հասարակության կրթաթոշակներ» ծրագրի միջոցով: Ամեն տարի ծրագիրն օգնում է քաղաքացիական հասարակության 20 ակտիվիստների՝ իրենց համայնքներում դրական սոցիալական փոփոխությունների հասնելու ջանքերին՝ առաջարկելով հարմարեցված ուսուցում, 5000 եվրո դրամաշնորհներ և գործնական կապերի ընդլայնման հնարավորությունների հասանելիություն: 2017 թվականին ծրագրի մեկնարկից ի վեր ընտրված մասնակիցների և նրանց հետաքրքրության ոլորտների մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հայտերի ընդունումը, որը ներկայումս բաց է մինչև հոկտեմբերի 15-ը, սովորաբար տեղի է ունենում ամեն տարի աշնանը: Թարմացումներին հետևեք այստեղ:

EU4Youth-ի շրջանավարտների ցանց

«EU4Youth»-ի շրջանավարտների ցանցը միավորում է «ԷՐԱԶՄՈՒՍ+ Երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի, EU4Youth-ի դրամաշնորհային նախագծերի, «Երիատասարդ եվրոպական դեսպաններ» ցանցի, ինչպես նաև Արևելյան գործընկերության երիտասարդներին ուղղված այլ տարածաշրջանային ծրագրերի երիտասարդ (18-30 տարեկան) շահառուներին: Ցանցը շրջանավարտներին հնարավորություն է ընձեռում կապ հաստատել Հայաստանի անապահով երիտասարդների հետ ու աջակցել նրանց իրենց համայնքներում ավելի ակտիվ դառնալու և ԵՄ շարժունակության ծրագրերին ակտիվորեն մասնակցելու հարցերում: Դիմումների ընդունումը տեղի է ունենում տարին մեկ անգամ, սովորաբար՝ աշնանը, յուրաքանչյուր երկրից ընտրվում է մինչև 15 շրջանավարտ՝ 10 ամսով ծրագրին մասնակցելու համար:

Բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը

Այս ծրագիրն աջակցում է սակավ հնարավորություններ ունեցող 13-ից 29 տարեկան երիտասարդներին, հատկապես նրանց, ովքեր բնակվում են Գյումրի, Ամասիա, Թալին, Երևան, Վարդենիս, Ճամբարակ և Վանաձոր համայնքներում: Ծրագիրն ակտիվ է նշված համայնքների դպրոցներում, որտեղ հիմնել է բանավեճի ակումբներ և աշխատում է աշակերտական խորհուրդների հետ, ինչպես նաև ստեղծել է շուրջ 100 երիտասարդների համախմբող վեց «ՍՔԱՅ» ակումբ՝ համայնքային խնդիրները բացահայտելու, համայնքային ծառայության և սոցիալական ձեռներեցության նախագծերի մասին մտքեր փոխանակելու, այդպիսիք պլանավորելու և իրականացնելու նպատակով։

«ԷՐԱԶՄՈՒՍ+» երիտասարդական փոխանակումներ

«ԷՐԱԶՄՈՒՍ+»-ը միայն ուսանողների համար չէ: Ծրագիրը նաև առաջարկում է երիտասարդական փոխանակումներ, որոնք բաց են բոլոր 13-ից 30 տարեկանների համար: Գործողությունները կարող են ներառել սեմինարներ, վարժանքներ, բանավեճեր, դերախաղեր, բացօթյա գործողություններ և այլն: Այս փոխանակումները կազմակերպվում են երիտասարդական կազմակերպությունների միջոցով, իսկ դրանց ուղղակիորեն՝ որպես անհատ դիմելն անհնար է: Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք Հայաստանում «ԷՐԱԶՄՈՒՍ+ Երիտասարդություն» ծրագրի տեղեկատվական կենտրոնի հետ՝ այցելելով նրանց վեբկայք կամ ֆեյսբուքյան էջ, զանգահարելով +374 94 525254 հեռախոսահամարով, կամ գրելով info.armenia@salto-youth.net էլ. փոստի հասցեին։

Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց

Թբիլիսիում գտնվող Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցն Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրների, այդ թվում՝ Հայաստանի աշակերտներին առաջարկում է երկամյա միջազգային բակալավրիատի ծրագիր՝ Եվրոպական միության կողմից վճարվող ամբողջական կրթաթոշակներով, ներառյալ վճարների, կեցության և արձակուրդներին տուն ճանապարհորդելու հետ կապված ծախսերը: Տեղերը սահմանափակ են՝ տարեկան ընդամենը 35-ը, ուստի դիմելու համար պետք է բավարարեք որոշակի պայմանների և անցնեք մրցութային գործընթացով: 2018 թվականին ծրագրի մեկնարկից ի վեր դպրոցում ուսանելու համար կրթաթոշակ է ստացել 145 աշակերտ, ովքեր այն ավարտել ու ստացել են ՄԲ դիպլոմ և շարունակել իրենց ուսումն աշխարհի լավագույն համալսարաններում: Ուսանողների հաջորդ խումբը կհավաքագրվի 2023-2025 թթ. ՄԲ ծրագրին միանալու նպատակով:

Երիտասարդ եվրոպական դեսպաններ

«Երիտասարդ եվրոպացի դեսպաններ» նախաձեռնությունը բաց է 16 տարեկանից բարձր երիտասարդների համար, այնպես որ, եթե դուք հետաքրքրված եք Եվրոպայով և նրա արժեքներով, ցանկանում եք ձեռք բերել նոր հմտություններ և ընկերներ, ապա կարող եք դիմել և միանալ այս ցանցին, որը համախմբում է ավելի քան 500 երիտասարդների Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և ԵՄ անդամ երկրներից ու Միացյալ Թագավորությունից: Նկատի ունեցեք, որ 16-17 տարեկան թեկնածուները կարող են մասնակցել նախաձեռնության առցանց գործունեությանը և իրենց երկրներում տեղական գործողություններին, բայց ոչ միջազգային ճանապարհորդություններին: Հայտերի ընդունումը տեղի է ունենում ամեն տարի, սովորաբար՝ աշնանը:

Պրակտիկայի հնարավորություններ և դասընթացներ

ԷՐԱԶՄՈՒՍ+ պրակտիկայի հնարավորություններ

«ԷՐԱԶՄՈՒՍ+»-ն աջակցում է բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի ուսանողների, ինչպես նաև նորաթուխ շրջանավարտների (ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում) աշխատանքի տեղավորմանը և պրակտիկային արտերկրում: Բայց ձեր պրակտիկան պետք է համապատասխանի ձեր կրթական աստիճանին և, հնարավորության դեպքում, ինտեգրված լինի ձեր ուսումնական ծրագրի հետ, ուստի եղած հնարավորությունները ստուգեք ձեր համալսարանի հետ: Պրակտիկան կարող է տևել 2 ամսից մինչև 12 ամիս, իսկ ձեր ծախսերը հոգալու համար հասանելի են «ԷՐԱԶՄՈՒՍ+» դրամաշնորհներ։

Արտերկրում պրակտիկան կամ ուսումը նաև հասանելի են, եթե դուք ներկայումս ընդգրկված եք մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում: Արտերկրում ձեզ կտեղավորեն կա՛մ աշխատավայրում, կա՛մ մեկ այլ ՄԿՈՒ հաստատությունում՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման ժամանակաշրջաններով՝ որպես ձեր ուսման մաս: Պարզելու համար, թե արդյոք այդ հնարավորությունները հասանելի են ձեզ, կապվեք ՄԿՈՒ հաստատության հետ։

«Blue Book» պրակտիկայի ծրագիր

Տարին երկու անգամ ԵՄ-ն առաջարկում է հնգամսյա վճարովի պրակտիկա Եվրոպական հանձնաժողովում, նրա ծառայություններում և գործակալություններում, որոնք հիմնականում տեղակայված են Բրյուսելում, բայց նաև՝ Լյուքսեմբուրգում և Եվրոպական միության այլ քաղաքներում: Այս հնարավորությունը գործում է հիմնականում ԵՄ քաղաքացիների համար, սակայն սահմանափակ թվով տեղեր են հատկացված նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին: Դուք կարող եք դիմել, եթե ցանկացած մասնագիտության շրջանավարտ եք, չունեք ԵՄ հաստատությունում, մարմնում, գործակալությունում կամ պատվիրակությունում աշխատելու ավելի քան վեց շաբաթվա աշխատանքային փորձ և վարժ տիրապետում եք անգլերենին, գերմաներենին կամ ֆրանսերենին: Իմացեք ավելին։

Շումանի անվան պրակտիկայի հնարավորություն Եվրոպական խորհրդարանում

Տարին երկու անգամ Եվրոպական խորհրդարանն իր քարտուղարության շրջանակում առաջարկում է պրակտիկայի տարբեր հնարավորություններ, այդ թվում՝ Եվրոպական միության անդամ չհանդիսացող երկրներից դիմորդների համար: Պրակտիկայի տևողությունը հինգ ամիս է, որին կարող է մասնակցել 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք, ով ունի համալսարանական կրթություն և դիպլոմ: Շումանի անվան պրակտիկայի նպատակն է նպաստել մասնակիցների եվրոպական կրթությանն ու մասնագիտական ուսուցմանը, ինչպես նաև պատկերացում փոխանցել Եվրոպական խորհրդարանի աշխատանքի վերաբերյալ: Դիմելու վերջնաժամկետներն են ամեն տարի մայիսի վերջին և հոկտեմբերին: Անցե՛ք այս հղումով՝ ավելին իմանալու համար:

ԷՐԱԶՄՈՒՍ երիտասարդ ձեռներեցների համար

Երիտասարդ հայ ձեռներեցները կարող են միանալ «ԷՐԱԶՄՈՒՍ երիտասարդ ձեռներեցների համար» ծրագրին, որը բաց է բոլոր նրանց համար, ովքեր նախատեսում են բիզնես հիմնել կամ դա արել են վերջին երեք տարվա ընթացքում: Ծրագիրն ուղղված է օգնելու սկսնակ ձեռներեցներին վերապատրաստվել Եվրոպական միության երկրների ձեռնարկատիրություններից մեկում` փոքր և միջին ձեռնարկությունները կառավարելու համապատասխան հմտություններ ձեռք բերելու նպատակով։ ԵՄ-ն հոգում է փոխանակման ծախսերի 75%-ը, իսկ 25%-ը՝ ինքը՝ ձեռնարկատերը: Անցե՛ք այս հղումով՝ Հայաստանին վերաբերող կոնտակտային տեղեկատվության համար:

Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում

Եթե մտածում եք զբոսաշրջության կամ տեխնոլոգիաների ոլորտում նոր ընկերություն ստեղծելու մասին կամ պարզապես խանդավառորեն հետաքրքրված եք զբոսաշրջության և տեխնոլոգիական թեմաներով, ծանոթացեք EU4Business-ի «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում առկա հնարավորություններին, որն առաջարկում է 5000 եվրոյից մինչև 50,000 եվրո դրամաշնորհներ, ինչպես նաև խորհրդատվություն, միջոցառումներ և գործնական կապերի զարգացման հնարավորություններ: Այցելեք ծրագրի կայքէջ՝ սպասվող հնարավորությունների մասին տեղեկանալու համար:

ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր

Բուհերի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար նախատեսված հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց համարվող ԵՄ ԹՈՒՄՈ համալիրը կմիավորի գործընկերներին՝ հաղթահարելու Հայաստանի բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև անջրպետը՝ միմյանց կապելով ուսանողներին, հետազոտողներին ու մասնագետներին՝ միաժամանակ խթանելով նորարարությունը և ձեռներեցությունը։ Դուք արդեն կարող եք դիմել ԹՈՒՄՈ լաբորատորիաներ, որը 18 տարեկանից բարձր երիտասարդ մասնագետների և համալսարանականների համար անվճար կրթական ծրագիր է և աջակցում է նոր թվային դարաշրջանը ձևավորող տեխնոլոգիաներն ու թեմաներն ուսումնասիրող համագործակցային նախագծերին, ինչպես նաև ապագա ծրագրավողորղներ պատրաստող «42 Երևան» ծրագրավորման անվճար դպրոց:

EU4Business (ԵՄ-ը՝ բիզնեսի համար)

Եթե դուք հիմնում եք կամ ունեք փոքր բիզնես, «EU4Business» նախաձեռնությունը ձեզ առաջարկում է վարկերի և դրամաշնորհների լայն ընտրանի՝ կախված ձեր բիզնեսի տեսակից և չափից, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ, որոնք կօգնեն ձեր բիզնեսը տեղափոխել զարգացման հաջորդ մակարդակ։ Այցելեք EU4Business-ի կայքէջ և ամբողջական տեղեկատվություն ստացեք գործընկեր բանկերի ու այն ծրագրերի մասին, որոնց կարող եք դիմել, ինչպես նաև ծանոթացեք հաջողակ շահառուների օրինակներին։

Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման

 ԵՄ-ն աջակցում է հմտությունների զարգացմանը և ձեռնարկատիրությանը Կապան, Դիլիջան և Իջևան համայնքներում, որոնք ընտրվել են «Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում երեք պիլոտային ծրագրեր իրականացնելու համար.

    • Կապան. քաղաքի պատմական երկաթուղային կայարանում ստեղծվում է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ 12-18 տարեկան երեխաների համար նախատեսված անվճար կրթական համալիր, որը մասնագիտացած է մշակումների և տեխնոլոգիաների ոլորտում: Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականին, բայց մինչ այդ դասընթացները հասանելի են Կապանի Թումո տուփում։
    • Դիլիջան. խորհրդային շրջանի լքված կարի ֆաբրիկան կվերածվի ձեռնարկությունների և անհատների համար ժամանակակից բազմաֆունկցիոնալ տարածքի՝ Դիլիջանի քաղաքապետարանի, IDeA հիմնադրամի, Զբոսաշրջության և քաղաքաշինության հիմնադրամի և Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ համագործակցությամբ:
    • Իջևան. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ՝ UATE-ի և COWO-ի հետ համագործակցությամբ ստեղծվել է «ԻննոԻջևան» հարթակը, որտեղ տեղակայվել են նոր «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, «Իրական դպրոց»-ը, որը մասնագիտական հնարավորություններ է առաջարկում վերապատրաստումների, աշխատանքի վրա հիմնված ուսուցման և «կոշտ» ու «փափուկ» հմտությունների զարգացման միջոցով, ինչպես նաև բիզնեսի և անհատների համար համատեղ համատեղ աշխատանքային տարածք։

EU4Youth (ԵՄ-ը՝ երիտասարդների համար)

«EU4Youth» ծրագիրը շուտով կմեկնարկի մի շարք նախագծեր, որոնք ուղղված կլինեն հատկապես անապահով համայնքներում երիտասարդների շրջանում թվային հմտությունների զարգացմանը, ինչպես նաև սոցիալական ձեռներեցության և կարիերայի կառավարման հմտությունների զարգացմանը՝ կապված կանաչ և թվային տնտեսություններում երիտասարդական ձեռներեցության խթանման հետ: «EU4Youth»-ի նախագծերի նախորդ ալիքի շրջանակներում միայն 2021 թվականին Հայաստանում իրականացվել է հմտությունների զարգացման շուրջ 300 միջոցառում, երիտասարդները ստացել են աշխատանքային փորձ աշկերտության և պրակտիկայի միջոցով, մյուսները ստացել են դրամաշնորհներ իրենց բիզնես գաղափարների իրականացման համար, մինչդեռ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում հիմնվել է գյուղական նորարարությունների գիտելիքի երեք կենտրոն, որոնք մինչ օրս երիտասարդներին ապահովում են ինտերնետ հասանելիությամբ, ուսուցմամբ և հմտությունների զարգացմամբ։ Համայնքային ծրագրերն աջակցում են նաև անապահով երիտասարդներին, ինչպիսին Արագածոտնի մարզի եզդի փոքրամասնությունը: Հետևեք EU4Youth-ի կայքէջին՝ առաջիկա հնարավորությունների մասին տեղեկանալու համար:

Որպես ոգեշնչում

Հարյուրավոր հայ երիտասարդներ պատրաստ են ձեզ ոգեշնչել և նոր գաղափարներ տալ։

Դավիթը «ԷՐԱԶՄՈՒՍ+»-ի երկու փոխանակումների է մասնակցել Իտալիայում՝ որպես սննդի անվտանգության գծով դոկտոր, գիտաշխատող: Այժմ նա ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարն է։

Ռազմիկը եղել է երիտասարդ եվրոպական դեսպան։ Այժմ նա՝ որպես EU4Youth-ի շրջանավարտ, Արագածոտնի լեռնային գոտիներում գտնվող իր գյուղի երիտասարդներին օգնում է օգտվել այն հնարավորություններից, որոնցից նա այդքան օգուտ է քաղել:

Լիլիթը շահել է Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի կրթաթոշակ և այժմ Ֆրանսիայում ավիատիեզերական ճարտարագիտություն է ուսանում:

Սամվելը վերապատրաստվել է «EU4Youth» ծրագրի շրջանակներում, որպեսզի զարգացնի Տավուշի մարզում բնական և էկոլոգիապես մաքուր արտադրանք արտադրող իր սոցիալական ձեռնարկությունը, և այժմ հայկական մեղր է վաճառում Դուբայում:

Իջևանից Արմանը EU4Youth-ի տրամադրած ֆինանսավորման և վերապատրաստման շնորհիվ նորարարական բիզնես է մշակել լեռնային զբոսաշրջության ոլորտում։

Զոյան մարքեթինգ և սոցիալական մեդիայի կառավարում է սովորել «Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում ստեղծված Սևանի նորարարական բիզնես կենտրոնում: