2025 թվականը՝ Տավուշի մարզում․ մարզխորհրդի ամփոփիչ նիստը

2025 թվականը Տավուշի մարզում նշանավորվեց լայնածավալ ծրագրերով և բազմավեկտոր աշխատանքներով։ Տարեվերջյան ամփոփիչ նիստում ներկայացվեց Տավուշի մարզպետի աշխատակազմի ընթացիկ տարվա գործունեությունը՝ կրթությունից մինչև ճանապարհաշինություն և բնակարանաշինություն։ Կրթության ոլորտում շարունակվում է դպրոցաշինության պետական ծրագիրը։ Սահմանամերձ բնակավայրերում իրականացվել են ոռոգման համակարգերի վերականգնման հինգ խոշոր ծրագրեր։ Ճանապարհաշինությունն առաջատար տեղ է զբաղեցրել 2025 թվականի աշխատանքներում։ Մարզում ավարտվել են ռազմավարական նշանակության ճանապարհների շինարարական աշխատանքները, կան պլանավորված նոր նախագծեր, որոնք 2026 թվականին կմեկնարկեն։ Բնակարանաշինության ծրագրերը շարունակվում են․ տարվա ընթացքում կառուցվել է 411 բնակելի տուն։ Սպորտային ոլորտում նաև կարևոր քայլեր են արվել. Գետահովիտում նոր ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի, որը կծառայի միջազգային միջոցառումների համար։

«Կարևոր եմ համարոմ նշել, որ 2025 թվականի ՀՀ պետական բյուջեով համայնքային բյուջեներին հատկացվել է 6 մլրդ 14 մլն․ դրամ, որը 2024 թվականին հատկացված դոտացիայից ավել է 747 մլն․ դրամով, այդ թվում՝ Իջևան համայնքի դոտացիան ավելացել է 244 մլն․ դրամով, Դիլիջան համայնքի դոտացիան՝ 131 մլն․ դրամով, Բերդ համայնքի դոտացիան՝ 192 մլն․ դրամով և Նոյեմբերյան համայնքի դոտացիան՝ 180 մլն․ դրամով: 2026 թվականի ՀՀ պետական բյուջեով համայնքային բյուջեներին նախատեսվել է հատկացնել 6 մլրդ․ 700 միլիոն դրամ, որն ավել է 2025 թ․ դոտացիայից 685 մլն դրամով, այդ թվում՝ Իջևան համայնքի դոտացիան ավելացել է 259 մլն․ դրամով, Դիլիջան համայնքի դոտացիան՝ 67 մլն․ դրամով, Բերդ համայնքի դոտացիան՝ 157 մլն․ դրամով և Նոյեմբերյան համայնքի դոտացիան՝ 201 մլն․ դրամով»-, նշեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Տարեվերջյան ամփոփիչ հանդիպման վերջում Տավուշի մարզպետը շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց տարվա ընթացքում տարբեր ոլորտներում իրենց գործունեությամբ ու աշխատանքով աչքի ընկած մի շարք քաղաքացիների, բուժհիմնարկների, կրթական և մշակութային հաստատությունների մի շարք ուսուցիչների, տնօրենների, մասնավոր կառույցների ղեկավարների, մարզական և այլ բնագավառներում լավագույն արդյուքներ գրանցած ներկայացուցիչներին։