25 տարվա դադարից հետո առաջին անգամ բեմ բարձրացավ «Դիլիջան» փողային նվագախումբը

25 տարվա դադարից հետո առաջին անգամ բեմ բարձրացավ «Դիլիջան» փողային նվագախումբը՝ նոր կազմով և նոր գործիքավորմամբ։ Նվագախմբի վերադարձը դարձավ «Առաջին Հանրապետություն – 108» խորագիրը կրող միջոցառման ամենասպասված և խորհրդանշական դրվագներից մեկը։ Մայիսի 28-ին Դիլիջանի ամֆիթատրոնում հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 108-ամյակը։ Դիլիջանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը համախմբել էր համայնքի բնակիչներին, հյուրերին և արտերկրից ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչներին՝ արժևորելու հայկական պետականության պատմական ուղին և ազգային ինքնության կարևորագույն էջերից մեկը։

Տոնական միջոցառմանը մասնակցելու նպատակով Դիլիջանում էին գտնվում պատվիրակությունների ներկայացուցիչներ Ռուսաստանի Դաշնության Տվեր և Պյատիգորսկ քաղաքներից, Մոլդովայից, Սլովակիայից, ինչպես նաև ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանությունից։

«Առաջին Հանրապետություն – 108» միջոցառումը նաև հարգանքի տուրք էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրների հիշատակին ու մշակութային համագործակցության, բարեկամության և ազգային արժեքների պահպանման ու փոխանցման կարևոր առիթ։

Տոնական համերգով և հայրենասիրական շնչով ավարտվեց Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը՝ Դիլիջանում ևս մեկ անգամ արժևորելով հայկական պետականության պատմական ուղին և ազգային մշակութային ժառանգությունը։