40 տարվա դադարից հետո Դիլիջանում կրկին հնչեցին «Դիլիջանյան ղողանջները»

Սպորտով, ընտանիքով և համայնքային համախմբվածությամբ լեցուն օր էր հունիսի 28-ը Դիլիջանում․ ամփոփվեց շուրջ մեկ ամիս տևած «Դիլիջանյան ղողանջներ» մարզական փառատոնը, որը վերակենդանացավ 40 տարվա ընդմիջումից հետո։ Այս տարվա միջոցառումն առանձնացավ խորհրդանշական 4 թվի զուգադիպություններով. կազմակերպիչ Գարիկ Թովմասյանը նշում էր իր ծննդյան 44-ամյակը, հունիս ամսվա ընթացքում անցկացվեց չորս մարզական միջոցառում, իսկ փառատոնը վերադարձավ ճիշտ 40 տարի անց։ Սակայն այս պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ։
Մի քանի տարի առաջ Գարիկ Թովմասյանի 33-րդ և 40-րդ ծննդյան օրերը համընկան անվճար բացօթյա մարզումների հետ։ Հենց այդ ժամանակ էլ նա որոշեց, որ այսուհետ իր յուրաքանչյուր ծննդյան օրը կնշի երեխաների հետ։ 41-ամյակի առիթով կազմակերպված դրամահավաքի շնորհիվ Դիլիջանում ստեղծվեց բացօթյա մարզական այգի, 42-ամյակին այն համալրվեց ֆուտբոլի դարպասներով, 43-ամյակին՝ ամբողջությամբ ցանցապատվեց և գծանշվեց։ Այսօր այն դարձել է լիարժեք մարզական տարածք՝ բասկետբոլի, վոլեյբոլի և ֆուտբոլի խաղահրապարակներով, մարզասարքերով ու մանկական խաղային գոտով։
Հունիսին անցկացված չորս մարզական միջոցառումներից երեքը նվիրված էին տարբեր մարզաձևերի՝ սամբոյի, ուժային եռամարտի և գրեփլինգի մրցաշարերին, իսկ չորրորդը՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն էր, որը դարձավ «Դիլիջանյան ղողանջներ» փառատոնի եզրափակիչ ակորդը։
Փառատոնի ընթացքում պարգևատրվեցին նաև վերջին մեկ տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկները, ինչպես նաև արվեստի և մշակույթի ոլորտներում հաջողություններ ունեցած երեխաներն ու երիտասարդները։ «Դիլիջանյան ղողանջներ» հիմնադրամի համար կարևոր է գնահատել ոչ միայն սպորտում, այլև ստեղծագործական ոլորտներում ունեցած ձեռքբերումները։ Նախատեսվում է, որ «Լավագույն մարզական ընտանիք» մրցաշարը կդառնա նախ մարզային, ապա՝ հանրապետական, իսկ «Դիլիջանյան ղողանջներ» փառատոնը կվերածվի Հայաստանի ամենասպասված մարզական ավանդույթներից մեկի։
Մեկ գաղափար, մեկ ծննդյան օր, մեկ բացօթյա մարզահրապարակ… և այսօր՝ արդեն վերածնված փառատոն։ «Դիլիջանյան ղողանջները» վերադարձել են՝ հիշեցնելով, որ մեծ ավանդույթները հաճախ սկսվում են մեկ փոքր, բայց հետևողական քայլից։
Կարդացեք նաև՝