7 տարի՝ բնության և արկածների սիրահարների հետ․ Yell Extreme Park-ը տոնեց իր տարեդարձը
Հայաստանում էքստրեմալ զվարճանքների առաջին համալիր՝ «Յելլ էքստրիմ պարկ»-ը 7 տարեկան է։
Երկու տարվա դադարից հետո այս տարի կրկին նշվեց Yell Extreme Park-ի տարեդարձը։ Օգոստոսի 6-ին «Ապագա ռեզորթի» տարածքում հավաքվել էին բնության ու արկածների սիրահար բազմաթիվ մարդիկ՝ Հայաստանի մարզերից և արտերկրից։ Yell’up խորագիրը կրող միջոցառման ընթացքում հյուրերի համար նախատեսվել էին հետաքրքիր խաղեր և բազմաթիվ զբաղմունքներ՝ հաճելի ժամանցն ապահովվելու համար:
«Յելլ էքստրիմ պարկ»-ը ստեղծվել է 2015 թվականին․ այն առաջին էքստրիմալ զվարճանքի վայրն է Հայաստանում, որը հնարավորություն է ընձեռում զբաղվել էքստրիմալ սպորտով՝ առանց պրոֆեսիոնալ լինելու անհրաժեշտության․ այն միավորում է արկածներ, բնություն և ակտիվ հանգիստ սիրող մարդկանց։
«Յելլ էքստրիմ պարկ»-ի նպատակը Հայաստանում արկածային զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է, նոր աշխատատեղեր ստեղծելը, հասարակական կյանքն ակտիվացնելը և առողջ ապրելակերպը խթանելը: Այդ նկատառումներից ելնելով՝ այն իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով տարածաշրջանում զբոսաշրջության խոշոր կենտրոն դառնալ:
Միջոցառման կազմակերպիչները մտադիր են յուրաքանչյուր տարի մեծ ու տարբերվող միջոցառում կազմակերպել՝ ավելի ու ավելի շատ մարդկանց ներգրավելով, և Ենոքավանի բնության գրկում միասին տոնել «Յելլ»-ի տարեդարձը՝ խելահեղ ռիթմերի ու բազմաթիվ արկածային խաղերի ուղեկցությամբ։
«Մենք փորձում ենք ստեղծել միջավայր, որ մեր հյուրերից ամեն մեկը ևս կարողանա այստեղ նշել իր ծնունդը»,- ասում է «Ապագա Փրոջեքթս»-ի տնօրեն Տիգրան Չիբուխչյանը։