89-ամյա Ջուլիետա Սարգսյանը՝ ստեղծագործության ուժի մասին․ ձեռնագործության սիրո օրինակը

Տավուշի մարզի Բերդ քաղաքում ապրող 89-ամյա Ջուլիետա Սարգսյանը տարիների ընթացքում չի կորցրել ստեղծագործելու իր ցանկությունը։ Տիկին Ջուլիետան ունի 33 տարվա աշխատանքային փորձ։ Երկար տարիներ նա աշխատել է սոցիալական ապահովության բաժնում՝ որպես գլխավոր հաշվապահ։ Միևնույն ժամանակ ընտանիքի հետ ակտիվորեն մասնակցել է նաև գյուղատնտեսական աշխատանքներին։ Սակայն այսօր արդեն տարիքային պատճառներով նա ի վիճակի չէ զբաղվել այդ աշխատանքներով, և ձեռագործությունն է դարձել նրա առօրյայի կարևոր ու անբաժան մասը։

Տիկին Ջուլիետան պատմում է, որ ձեռարվեստի հանդեպ սերը ձևավորվել է դեռ մանկուց։ Տարիների ընթացքում նա յուրացրել է ձեռագործության տարբեր տեսակներ՝ ասեղնագործություն, հելունագործություն, շյուղագործություն, գորգագործություն, ինչպես նաև կանվայի վրա կատարվող նուրբ ասեղնագործություն։

Տիկին Ջուլիետայի տուն մտնելուն պես առաջինն աչքի են ընկնում նրա ձեռքի աշխատանքները։ Տան գրեթե յուրաքանչյուր անկյունում կարելի է տեսնել գունավոր ու խնամքով պատրաստված գեղեցիկ իրեր, որոնք ոչ միայն զարդարում են տունը, այլև յուրահատուկ ջերմություն են հաղորդում միջավայրին։
Նրա խոսքով՝ ձեռագործությունը պարզապես զբաղմունք չէ։ Այն իրեն տալիս է հոգեկան հանգստություն, օգնում է օրը լցնել օգտակար աշխատանքով և պահպանել ստեղծագործելու ցանկությունը։

Չնայած իր պատրաստած աշխատանքների մեծ պահանջարկին՝ տիկին Ջուլիետան դրանք չի վաճառում։ Նա նախընտրում է իր ստեղծած իրերը նվիրել հարազատներին, հարևաններին և հյուրերին։ Նրա համար ամենամեծ ուրախությունը այն է, երբ իր աշխատանքները ուրախություն են պարգևում ուրիշներին։

Տիկին Ջուլիետայի համոզմամբ՝ մարդը պետք է զբաղվի այնպիսի աշխատանքով, որը ոչ միայն հաճելի է, այլև օգտակար իր ընտանիքի համար։ Նրա խոսքով՝ աշխատասիրությունն ու ստեղծագործելու ցանկությունը մարդուն ուժ ու կյանքին հետաքրքրություն են տալիս կյանքի ցանկացած փուլում։

Հեղինակ՝ Տավուշ  Մեդիայի թղթակից Անահիտ Մակյան։