Աչաջրում գործող մանկապարտեզը վերաբացվել է՝ բարեկարգված պայմաններով

Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ և ֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակում ամբողջությամբ նորոգվել է շենքի առաջին հարկը՝ ներառյալ խմբասենյակները, ընդհանուր օգտագործման տարածքները և անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Արդյունքում ստեղծվել են ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմաններ, որոնք նպաստում են երեխաների լիարժեք զարգացմանն ու առօրյայի կազմակերպմանը։
Մանկապարտեզն այժմ ունի վեց խմբասենյակ և, բարելավված պայմանների շնորհիվ, հնարավորություն կունենա ընդունելու ավելի մեծ թվով երեխաներ։ Նոր միջավայրը նախատեսված է ապահովելու ինչպես հարմարավետություն, այնպես էլ անվտանգություն՝ համապատասխանեցված նախադպրոցական հաստատություններին ներկայացվող պահանջներին։
Վերաբացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Հայ օգնության ֆոնդի և Իջևանի համայնքապետարանի ներկայացուցիչները, ինչպես նաև համայնքի բնակիչները։ Ներկաները կարևորել են նման ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ դրանք էական նշանակություն ունեն համայնքների զարգացման և կրթական միջավայրի բարելավման տեսանկյունից։