Աղետի հետևանքով տուժած տնտեսվարողներն աջակցություն կստանան
Կառավարության նիստում զեկուցվող 3 հարցերն առնչվում են մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման հետ կապված միջոցառումների հերթական փաթեթին. այս մասին այսօր` օգոստոսի 15-ին նիստի մեկնարկին հայտարարեց Հայաստանի վարչապետը:
Կառավարությունն առաջինը քննարկեց աղետի գոտում տնտեսվարողներին աջակցելու մասին հարցը։ Նախագծով առաջարկվում է աջակցություն տրամադրել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիներում տուժած տնտեսվարողներին՝ առաջացած դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը շարունակելու նպատակով։
Էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ` աղետի հետևանքով տուժած տնտեսվարողների վնասվածությունը դասակարգվել է երեք աստիճանի՝ ցածր, միջին և բարձր, որն էլ հիմք է հանդիսանում ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության չափի հաշվարկման համար:
Նախարարի խոսքով՝ աջակցությունը երկու բաղադրիչ ունի՝ կախված տնտեսվարողի ձեռնարկատիրական վայր հանդիսացող անշարժ գույքի մակերեսից և վնասվածության մակարդակից, որի վերանորոգման ծախսերի վերաբերյալ հաշվարկներն իրականացվել են Քաղաքաշինության կոմիտեի կողմից։ Ըստ այդմ, ցածր՝ 1 ք/մ-ի համար 6600 դրամ, առավելագույնը՝ 1 մլն 200 հազար դրամ, միջին՝ 1 ք/մ-ի համար 14․900 դրամ, առավելագույնը՝ 1 մլն 200 հազար դրամ, և բարձր՝ 1 ք/մ-ի համար 24․800 դրամ, առավելագույնը՝ կրկին 1 մլն 200 հազար դրամ։
Այս բաղադրիչով աջակցություն տրամադրվելու է շուրջ 150 տնտեսվարողի, որի ընդհանուր գումարը կազմելու է մոտ 140 մլն դրամ։
Երկրորդ բաղադրիչը կախված է տնտեսվարողի 2023թ․ համար պետական բյուջե վճարված հարկերի չափից։ Վերանորոգման ծախսերի հաշվարկը իրականացվել է ՊԵԿ-ի կողմից․ ցածր՝ 2023թ․ հարկերի չափով վերադարձ ԱԱՀ կամ շրջհարկ, եթե ցածր է, ապա 50%-ը կամ նվազագույնը 200․000 դրամ, առավելագույնը՝ 5 մլն դրամ; միջին՝ 2023թ․ հարկերի չափով վերադարձ ԱԱՀ կամ շրջհարկ, այս դեպքում 70%-ը կամ նվազագույնը 200․000 դրամ, առավելագույնը 10 մլն դրամ; և բարձր՝ 2023թ․ հարկերի չափով վերադարձ 100%-ի չափով՝ առավելագույնը 15 մլն դրամ։
Աջակցությունը տրամադրվում է Էկոնոմիկայի նախարարության միջոցով։
Այն ստանալու համար տուժած տնտեսվարողները դիմում են ներկայացնելու էկոնոմիկայի նախարարություն՝ օգոստոսի 25-ից մինչև հոկտեմբերի 15-ը։