Աղետից մեկ քայլ առաջ․ ՆԳՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժինը ճանաչվել է լավագույնը

Արտակարգ իրավիճակներից լիարժեք խուսափելը հնարավոր չէ, սակայն դրանցից միշտ մեկ քայլ առաջ լինելը կենսական նշանակություն ունի։ Հենց այս սկզբունքն է որդեգրել Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժինը, որը 2025 թվականի արդյունքներով ճանաչվել է լավագույնը։

Տարվա ընթացքում բաժինը բնակչության պաշտպանության ոլորտում իրականացրել է համալիր և բազմաբնույթ աշխատանքներ՝ ուղղված արտակարգ իրավիճակներում դիմակայունության բարձրացմանը։

Գործունեության առանցքում եղել է ոչ միայն արձագանքման կարողությունների կատարելագործումը, այլև կանխարգելիչ մշակույթի ձևավորումը։

«Բաժինն իրականացնում է բազմաբովանդակ աշխատանքներ։ Մարզում քարաթափման, սելավավտանգ, սողանքավտանգ գոտիներում յուրաքանչյուր տարի ակնադիտական ուսումնասիրություն է իրականացվում, ներկայացվում պատկան մարմիններին, թե ինչպիսի կանխարգելիչ միջոցաումներ պետք է իրականացվի։
Իրավիճակից ելնելով բաժինը մասնակցել է նաև տարբեր որոնողափրկարարական աշխատանքների»,- պատմում է ՓԾ Տավուշի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի պետ Սարգիս Մարկոսյանը։

Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Հայկ Սաղաթելյանը վստահեցնում է, որ լավագույնի կոչումը ոչ միայն գնահատանք է, այլև կարևոր խթան՝ առավել պատասխանատու, որակյալ և արդյունավետ ծառայություն իրականացնելու համար։

Այսպիսով, աղետից մեկ քայլ առաջ լինելու սկզբունքը շարունակում է մնալ Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի աշխատանքային առաջնահերթությունը՝ ի նպաստ մարզի բնակիչների անվտանգության։

Կարդացեք ու դիտեք նաև՝