«Աղստև գետն աղմկում և հոգատարություն է հայցում»

137 կմ երկարությամբ Աղստև գետն անցնում է Իջևան ու Դիլիջան քաղաքներով։ Մարդկանց հուշերում դեռ թարմ են ոչ վաղ անցյալում գետի երկայնքով աճող վարդերն ու այլ ծաղկատեսակներ, որոնք լրացուցիչ գույն ու բույր էին բերում քաղաքին։ Աղստևն այսօր էլ հոսում է իր հունով,  բայց գետի պատկերը շարունակում է մնալ մտահոգիչ։ Վերջին ջրհեղեղն էլ եկավ հիշեցնելու, որ գետի հունը խցանողը գետաբերուկներից զատ նաև կոմունալ-կենցաղային, արտադրական աղբն է, որ շարունակաբար նետվում է գետ։ Իջևանում քաղաքացիների համար աղբահանության 3 եղանակ է գործում՝ լցնել աղբամանը կամ թողնել նախատեսված վայրում, թողնել փողոցում կամ նետել Աղստև գետը՝ «ջուրը կտանի» տրամաբանությամբ։  Տարիների ընթացքում ձևավորված այս վարքը դեռ շարունակվում է հանրության լուռ համաձայնության պայմաններում։ Աղտոտվածությունն այսօր ոչ միայն տեսանելի ու շոշափելի է, այլև, որ և որ առավել խնդրահարույց է՝ դա ընդհանուր հանդուրժողականությունն է խնդրին։

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն հերթական անգամ բարձրաձայնում է Աղստև գետի աղտոտվածության մասին։ Վերջին միջոցառումը հանրային ակցիան էր Իջևանի շատրվանների հրապարակում։ Նախաձեռնած քննարկումները, դիտարկումներն ու հետազոտությունները հանգեցրել են այն տեսակետին, որ համայնքը իր սեփական բնապահպանական ռազմավարական փաստաթուղթը պիտի ունենա։

Քաղաքային թաղամասերի ու գյուղական բնակավայրերի կոյուղաջրերը, Աղստևի՝ քաղաքին ափամերձ հունի երկայնքով կառուցված տնտեսական նշանակության, հասարակական օբյեկտների, ափամերձ բազմաբնակարան շենքերի շինարարական, կենցաղային աղբը գետն են լցվում։ Չնայած՝ Աղստևը լեռնային գետ է, տարվա գարնանային սեզոնին այն ինքնամաքրման փորձեր է անում, սակայն անզեն աչքով էլ երևում է՝ գետի ջուրն աղտոտված է, կապտականաչ ջրիմուռները՝ տարածված։

Անդրսահմանային նշանակության Աղստև գետի պատկերն անհանգստացնում է հատկապես շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող կառուցներին, բնապահպաններին։  2024 թվականին Տավուշի մարզում բնակիչները տեսան գետի բացասական կողմը․ այն քշեց-տարավ բնակելի տներ, վնասեց միջպետական ճանապարհ ու համայնքային ենթակառուցվածքներ։