Անցկացվեց Առաքելոց վանական համալիրի վերաբերյալ միջազգային սիմպոզիումը․ վանքի տարածքում ընթանում են հնագիտական պեղումներ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ապրիլի 17-ին անցկացվել է Առաքելոց վանական համալիրին նվիրված միջազգային սիմպոզիում՝ «Եվրոպա Նոստրայի» և Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի պատվիրակության այցի շրջանակում։ Միջոցառումն իրականացվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի համագործակցությամբ։

Սիմպոզիումի ընթացքում Զալցբուրգի համալսարանի «Քրիստոնյա Արևելք» հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Յասմին Դում-Թրագուտը ներկայացրել է «Առաքելոց վանք և բնակավայր» նախագիծը՝ անդրադառնալով նաև դրա զարգացման հեռանկարներին։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացուցիչ Հ. Աբրահամյանը ներկայացրել է ընթացիկ պեղումների նախնական արդյունքները։

Որմնանկարների վերականգնման հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Ա. Պապոյանը խոսել է վանական համալիրի որմնանկարների վիճակի, պահպանության և ամրակայման խնդիրների մասին։ «Ինքնության հիմնադրամի» ներկայացուցիչ Գ. Հարությունյանը կազմակերպել է թեմատիկ ֆիլմի դիտում և քննարկում։

«Եվրոպա Նոստրայի» պատվիրակությունը ներկայացրել է կազմակերպության քաղաքականությունն ու մոտեցումները մշակութային ժառանգության պահպանության ոլորտում։

Գիտաժողովի ընթացքում քննարկվել են նաև Առաքելոց վանական համալիրի կայուն զարգացմանն առնչվող ծրագրեր, ինչպես նաև հայ-ավստրիական գիտական համագործակցության հնարավորությունները։

Նշենք,  որ վանական համալիրում ապրիլի 8-ին մեկնարկել են հնագիտական պեղումները, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 23-ը։ Ապրիլի 18-ին պեղումների տարածք են այցելել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները, որոնք տեղում ծանոթացել են իրականացվող աշխատանքներին և հետևել պեղումների ընթացքին։ Նույն օրը Տեր Աբել քահանա Քարտաշյանն Առաքելոց վանքում մատուցեց առավոտյան ժամերգություն։

Լուսանկարները՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի։

Կարդացեք նաև՝

Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին Եվրոպայի 7 ամենից վտանգված ժառանգության վայրերի ցանկում է

Ավելի մոտ տեղական ժառանգությանը. հայ-ավստրիական աշնանային դպրոց Առաքելոց վանական համալիրում

Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում