«Նման կարկուտ երբեք չենք տեսել». աննախադեպ կարկուտը մեծ վնասներ է հասցրել Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերին

«Ահավոր էր, նման բան 60 տարվա մեջ չէինք տեսել»․ այսպես են հունիսի 20-ի երեկոյան տեղի ունեցած կարկտահարությունը նկարագրում Նոյեմբերյան համայնքի բնակիչները։
Հունիսի 20-ին՝ ժամը 19:30-ից հետո, Տավուշի մարզում տեղացած ինտենսիվ կարկուտը զգալի վնասներ է հասցրել Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար, Բաղանիս, Ջուջևան, Ոսկեվան և Կոթի բնակավայրերին։ Տուժել են այգիները, տնամերձ հողատարածքները, ինչպես նաև բնակելի տների տանիքները։ Քաղաքացիների ահազանգերի հետքերով Տավուշ Մեդիան այցելել է կարկուտից տուժած սահմանամերձ բնակավայրեր՝ տեղում արձանագրելու տարերքի հետևանքներն ու բնակիչների կրած վնասները։
Տուժած բնակավայրերի բնակիչները պատմում են, որ կարկուտը կարճ ժամանակում ոչնչացրել է գյուղատնտեսական մշակաբույսերի զգալի մասը և վնասել բազմաթիվ շինություններ։
Հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով պատճառված վնասների գնահատման նպատակով Նոյեմբերյանի համայնքապետարանում ձևավորվել է հատուկ հանձնաժողով։ Համայնքային և վարչական ներկայացուցիչներն այցելում են տուժած բնակավայրեր, ընդունում քաղաքացիների դիմումներն ու իրականացնում վնասների նախնական գույքագրում։
Բնակավայրերի վարչական նստավայրերում այս օրերին մարդաշատ է։ Բնակիչները հերթագրվում են՝ բնական աղետից կրած վնասները պաշտոնապես արձանագրելու համար։ Վնասների գույքագրումը շարունակվում է, և միայն ամբողջական հաշվառումից հետո հնարավոր կլինի գնահատել տարերքի հասցրած վնասների իրական չափերը։
Հատկանշական է, որ 2026 թվականին Տավուշի մարզում սա կարկուտի առաջին դեպքը չէր։ Նախորդ օրերին կարկուտ էր տեղացել նաև Բերքաբեր, Ոսկեպար և Կիրանց բնակավայրերում։ Իսկ հունիսի առաջին տասնօրյակում անբարենպաստ եղանակային պայմաններից տուժել էին Իջևան համայնքի Խաշթառակ, Լուսաձոր, Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան, Աճարկուտ և Կիրանց բնակավայրերը։
Մինչ վնասների ամբողջական գնահատումն ու հնարավոր աջակցության ծրագրերի հստակեցումը, բնակիչներն արդեն սեփական ուժերով փորձում են վերացնել կարկուտի հետևանքները՝ նորոգելով վնասված տանիքներն ու մաքրելով այգիներն ու տնամերձ տարածքները։
Կարդացեք նաև՝