Աննախադեպ կարկուտ և հորդառատ անձրև Տավուշի մարզում (Թարմացված)

Այսօր աննախադեպ կարկուտ, հորդառատ անձրև է տեղացել Տավուշի մարզում:

Կարկտահարության և ուժգին քամու հետևանքով Տավուշի մարզի համայնքներում տապալվել են ծառեր, արգելափակվել ճանապարհներ: Հատկապես տուժել է մարզկենտրոն Իջևան քաղաքը և համայնքի գյուղական բնակավայրերը:

Աննախադեպ քամու ուժգնացման, կարկտահարության ու տեղատարափ անձրևի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ․ այժմ անձրևը դադարել է։ Համայնքային իշխանությունները ու փրկարարները մաքրում և բացում են միջպետական ու համայնքային նշանակության ճանապարհներն ու փողոցները:

Պատճառված վնասի ու այլ մանրամասների մասին կներկայացնենք ավելի ուշ:

Հորդառատ անձրևների հետևանքով Լաստիվեր-Ենոքավան հատվածում արշավախումբ է մոլորվել։ Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել մոտակա հյուրատուն։

Իջևան քաղաքի Անկախության փողոցում ծառը շրջվել է և ընկել ավտոմեքենայի վրա, ներսում քաղաքացիներ են արգելափակվել․ օգնության են հասնել փրկարարները։

Այս պահի դրությամբ Իջևանում ունենք էներգետիկ ցանցի մի քանի տեղամասային վթարներ, վնասված տանիքներ, կոտրված ծառեր ու ջրալցված նկուղային հարկեր, – Տավուշ Մեդիային տեղեկացրեց ՀՀ ՆԳՆ Փ/Ծ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Վ․ Փիրումյանը։