Ապատեղեկատվության դեմ պայքար Տավուշում. հանրային հանդիպում Դիլիջան համայնքում
«Արտակարգ Ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը և Տավուշ Մեդիան՝ Freedom House միջազգային կազմակերպության աջակցությամբ, միասին իրականացնում են ծրագիր, որի նպատակն է նպատակը Տավուշի մարզում ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքարն է, մեդիամանիպուլյացիայի կանխարգելումը, մեդիագրագիտության տարածումն ու բարձրացումը, ուսուցողական և խորհրդատվական միասնական տեղեկատվական հարթակի ստեղծումը: Այն կնպաստի Տավուշի մարզում ճշգրիտ, հավաստի, վստահելի տեղեկության տարածմանը՝ նվազեցնելով սուտ ու կեղծ լուրերի բացասական հետևանքները:
Նախագծի շրջանակում նոյեմբերի 8-ին Դիլիջան համայնքում տեղի ունեցավ հանրային հանդիպում «Մեդիագրագիտություն և ապատեղեկատվության դեմ պայքար» թեմայով: Հանդիպումն անցկացրեց Տավուշ Մեդիայի լրագրող Էռնեստ Խանումյանը, ով իր խոսքում շեշտեց մեդիագրագիտության կարևորությունը՝ ներկայացնելով դրա հիմնական սկզբունքները։ Բանախոսը պատմեց նաև Տավուշի մարզում տարածված իրական դեպքերի օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ վնասներ են հասցնում կեղծ տեղեկությունները և ինչպես կարելի է դրանք կանխարգելել։ Դիլիջան համայնքի փորձառությունն օգտագործելով՝ նա բացատրեց, թե ինչպես է մեդիագրագիտությունը պաշտպանում համայնքը՝ ապատեղեկատվության վտանգներից։
Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանով, որի ընթացքում մասնակիցները կիսվեցին Դիլիջան համայնքում տարածված կեղծ լուրերի մասին պատմություններով, ինչն ընդգծեց թեմայի արդիականությունը և կարևորությունը համայնքի համար։
Հանրային հանդիպումներն իրականացվելու են Տավուշի մարզի բոլոր համայնքներում և նպատակ ունեն բարձրացնել Տավուշի բնակչության իրազեկվածությունը և զարգացնել նրանց կարողությունները՝ դիմակայելու տարատեսակ ապատեղեկատվության վտանգներին։
Մասնակցելու համար դիմեք՝ info@tavushmedia.am հասցեին կամ զանգահարեք 060 460202
Այս հանդիպումը իրականացվել է Freedom House միջազգային կազմակերպության աջակցությամբ։ Այս հոդվածում արտահայտված բովանդակությունը և կարծիքները հեղինակների պատասխանատվությունն են և պարտադիր չէ, որ արտահայտեն Freedom House միջազգային կազմակերպության տեսակետները։