Ապօրինի հատել էին 18 թաց կանգուն ծառ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում նոյեմբերի 28-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Նավուրի անտառպետության» տարածքում ապօրինի ծառահատումներ են կատարվում: Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու պահին հայտնաբերել և բաժին են ներկայացրել Գանձաքար գյուղի բնակիչ 50-ամյա և 28-ամյա երկու տղամարդու: Նրանք խոստովանել են իրենց կատարած արարքը և նշված տարածքում մատնանշել ապօրինի հատված 18 թաց կանգուն ծառերի կոճղեր: Հայտնել են նաև, որ ապօրինի ծառահատումը կատարել են նոյեմբերի 25-ից նոյեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում, իսկ փայտանյութի մի մասն արդեն տեղափոխել են 50-ամյա տղամարդու առանձնատան տարածք: Նշված տարածքում հայտնաբերվել է նաև «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենա՝ բենզասղոցը սրահում: Տղամարդիկ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: