Ապօրինի ծառահատման հերթական դեպքը Տավուշի մարզում. 45-ամյա տղամարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 23.50-ին, Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին Սևքար տեղամասի էկոպարեկներից հաղորդում էր ստացվել, որ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Ահազանգով մեկնած համայնքային ոստիկանները Այգեհովիտ բնակավայրի սկզբնամասում կանգնեցրել են նշված մեքենան։ Ստուգմամբ պարզվել է, որ վարորդի ներկայացրած փաստաթուղթը չի համապատասխանում մեքենայի թափքում առկա բոխի և այլ ծառատեսակներից պատրաստված փայտանյութի ծավալին։
Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Այգեհովիտ գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Կատարվում է նախաքննություն։