Առողջ ապրելակերպ, գրքեր ու ֆուտբոլ․ Կողբում ապրող եղբայրների վարակիչ օրինակը

Տավուշի մարզի Կողբ գյուղում ապրող եղբայրներին՝ Լևոնին ու Արմենին, սոցիալական հարթակներում արդեն շատերն են ճանաչում։ 7-ամյա Լևոնն ու 9-ամյա Արմենը տեսանյութեր են պատրաստում, որոնցում միասին տարբեր համեղ ուտեստներ ու ըմպելիքներ են պատրաստում, իսկ երբեմն էլ պարզապես շրջում են իրենց սիրելի գյուղում ու պատմում իրենց գաղափարների մասին։ Տղաների՝ սոցիալական հարթակներում տեսանյութեր պատրաստելու պատմությունը սկսվել է ծնողների փոքրիկ խմորեղենի արտադրամասից։
«Երբ իմ ծնողները փոքրիկ խմորեղենի արտադրամաս բացեցին, ես մտածեցի՝ ոնց անեմ, որ ամեն օր քաղցրավենիքներից համտեսեմ, համ էլ գովազդեմ։ Առաջարկեցի, որ ես քաղցրավենիքներից ուտեմ ու գովազդեմ», — պատմում է Լևոնը։
Սկզբում մի քանի տեսանյութ են նկարել, հետո հասկացել են, որ իրենց մոտ ստացվում է։ Այդպես էլ որոշել են առանձին էջ բացել, իսկ Լևոնին միացել է եղբայրը՝ Արմենը։
«Ես, Լևոնը, հայրիկը, մայրիկը՝ իրար հետ չորսով համագործակցելով, ստացվում է։ Հիմնականում ծնողներն են գաղափարները տալիս, բայց ընթացքում մենք էլ ենք առաջարկներ անում, սցենարում փոփոխություններ ենք անում, հետո չորսով քննարկում, իրականացնում», — ասում է Արմենը։
Զովացուցիչ ըմպելիքներ, մոկտեյլներ, քաղցրավենիքներ ու նույնիսկ չիպսի առողջարար տարբերակ․ երեխաների համար այդքան սիրելի ուտեստներն ու ըմպելիքները եղբայրները փորձում են պատրաստել ավելի օգտակար բաղադրիչներով։
«Տարբեր վնասակար բաներ, օրինակ՝ մենք չիպսի առողջարար տեսակներ ենք պատրաստել։ Ուզում ենք ցույց տալ մեր հասակակիցներին խանութից չիպսի ու տարբեր վնասակար ուտելիքների փոխարեն կարող են նույնը պատրաստել առողջ ձևով», — պատմում է Արմենը։
Տղաների սիրելի տեսանյութերից մեկը տանձով լիմոնադի մասին է։ Նրանց համար առանձնահատուկ է նաև այն, որ պատրաստման ամբողջ գործընթացին իրենք են մասնակցում։
«Համ շատ դիտում է հավաքել, համ էլ մենք ենք արել էդ տանձով լիմոնադը։ Մենք նաև տարբեր մոկտեյլներ ենք պատրաստում, օրինակ՝ մոշիտո մոկտեյլ», — ասում է Լևոնը։
Բաղադրատոմսերի մի մասը տղաները գտնում են ինտերնետում, մյուսները սովորում են ծնողներից։
«Մեր պապան տեսնում է, հետո մեզ էլ ցույց է տալիս, թե ոնց պետք է պատրաստենք։ Տարբեր բաներ մենք հիշում ենք, տարբեր բաներ մոռանում ենք, ու եթե մոռանում ենք, իրանք են ասում», — պատմում է Արմենը։
Տեսանյութերն արդեն նկատել են նաև նրանց դասընկերները։
«Սաղ դասարանն ինձ ճանաչում է, Արմենի դասարանցիներն էլ են ճանաչում, ասում են՝ էդ ինչ լավ բաներ եք սարքում», — ասում է Լևոնը։
Եղբայրների խոսքով՝ իրենց նպատակը բլոգեր դառնալը չէ։ Տեսանյութեր նկարելը նրանց համար ազատ ժամանակը հետաքրքիր ու օգտակար անցկացնելու միջոց է։
«Մեր նպատակը չի, որ մենք դառնանք բլոգեր։ Մենք ուղղակի հիմա ազատ ժամանակ դրանով ենք զբաղվում։ Փոխանակ ուրիշ բաներ նայենք հեռուստացույցով, մենք նկարում ենք, որ մեզ նայեն ու լավ բաներ սովորեն», – ասում է Արմենը։
Տեսանյութերից անբաժան են Կողբի բնությունն ու գյուղական տեսարանները։ Տղաները պատմում են, որ սիրում են իրենց գյուղի շրջակայքը, լեռները, իսկ բնության հետ կապված թեմաները հաճախ հայտնվում են նաև իրենց տեսանյութերում։
«Մեր Կողբի տեսարանները շատ են աչքի ընկնում՝ լեռները, ուրիշ գյուղեր էլ ենք գնացել, բայց ամենալավը մեր կողքն է։ Մի տեսակ հարազատ է», — ասում են տղաները։
Բնության մասին խոսելիս տղաները ոչ միայն պատմում են, այլև փորձում են օրինակ ծառայել։ Մի անգամ, երբ գնացել էին բնության գրկում մոկտեյլ պատրաստելու և տեսանյութ նկարահանելու, տեսել էին, որ տարածքը լի է աղբով։
«Մենք անտառ էինք գնացել, որ մոկտեյլ պատրաստենք։ Էնտեղ տեսանք, որ տարածքն աղտոտված է։ Երեք մեծ տոպրակ վերցրեցինք ու սկսեցինք աղբը հավաքել», — պատմում է Լևոնը։
Եղբայրների ուղերձը պարզ է՝ բնություն գնալիս աղբը պետք է հավաքել և հետդ տուն տանել, իսկ հնարավորության դեպքում՝ մաքրել նաև ուրիշների թողած աղբը։
«Կուզեմ ասել մեր հասակակիցներին, որ երբ գնում են անտառ, աղբ չթափեն, իրենց աղբը իրենց հետ տանեն տուն։ Իսկ եթե տեսնում են, որ ուրիշները թափել են, վերցնեն, հավաքեն», — ասում է Արմենը։
Տղաները նաև իրենց ապագա երազանքներն ունեն։ Լևոնը, ով արդեն երեք տարի ֆուտբոլի է հաճախում և այս տարվանից նաև կիթառ է սովորում, ցանկանում է ֆուտբոլիստ դառնալ։
«Ես ուզում եմ դառնալ ֆուտբոլիստ։ Եթե չստացվի, ուզում եմ դառնալ կիթառահար», — ասում է նա։
Իսկ նրանց ամենամոտ նպատակներից մեկը ֆուտբոլային առաջնությունն է։
«Մեր մոտակա նպատակներից մեկն էլ այն է, որ մեկ շաբաթից սկսվում է մեր ֆուտբոլի առաջնությունը։ Մեր նպատակն է հաղթել այդ առաջնությունում», — ասում է Արմենը։
Ֆուտբոլ, երաժշտություն, գրքեր, խոհանոց, բնություն ու տեսանյութեր․ Լևոնի և Արմենի առօրյան մի քանի տարբեր հետաքրքրությունների համադրություն է։ Իսկ իրենց փոքրիկ էջի միջոցով նրանք փորձում են այդ հետաքրքրությունները դարձնել նաև օգտակար ուղերձներ իրենց հասակակիցների համար։
«Մենք ուզում ենք օրինակ ծառայել, որ նրանք առողջ սնվեն ու աղբ չթափեն», — ասում են եղբայրները։