Արտակարգ ալիք լրատվական կենտրոն
Ամեն տարի բնական, տեխնածին, բնապահպանական, համաճարակային ու սոցիալական աղետները լուրջ վնաս են հասցնում մեր երկրին ու ժողովրդին: Միջազգային փորձագետները նշում են,
որ աղետներն ամենամեծ վնասը հասցնում են աղքատ ու զարգացող երկրներին, որտեղ աղետների հակազդման համակարգերը գտնվում են սաղմնային փուլում, իսկ ֆինանսական միջոցների
սղությունը թույլ չի տալիս լուրջ ներդրումներ կատարել արտակարգ իրավիճակների կանխարգելման, վտանգների գնահատման և ռիսկերի նվազեցման ոլորտում:
Այդ պատճառով երկրի զարգացման համար նախատեսված առանց այն էլ սուղ միջոցները, մեծ մասամբ ստիպողաբար, նպատակամղվում են աղետների հետևանքների վերացմանը և վնասների փոխհատուցմանը, ինչն էլ, բնականաբար, խոչընդոտում է երկրի կայուն զարգացումը:
Ֆրանսիացի փորձագետների մի խումբ, Հայաստանում կարճ ժամանակ աշխատելուց հետո, մեր երկիրն անվանեց «աղետների լաբորատորիա». երկրե-երկիր շրջելու հարկ չկա, այստեղ կարելի
է ուսումնասիրել բոլոր աղետները:
Եթե սոցիոլոգիական հարցում անցկացվի և հարցմանը ներգրավվեն տարբեր սոցիալական խավերի, կուսակցությունների, բլոկների ու ֆորմատների, տարբեր սեռի, կրոնի, տարիքի, դիրքի մարդիկ` հարյուրից հարյուր մեկը կասի, որ մեզ անհրաժեշտ է արտակարգ իրավիճակների կառավարման հզոր ու կուռ համակարգ՝ տեխնիկական հարուստ հագեցվածությամբ, գիտության վերջին նվաճումները յուրացրած և ճգնաժամային կառավարման հմտություններին տիրապետող անձնակազմով:
Այս մտածելակերպով է հիմա համակված ողջ աշխարհը, նաև մենք, որ տեսել ու դեռ հիշողության մեջ թարմ պահել ենք Սպիտակի երկրաշարժի ողբերգական պատկերները…