Արտակարգ իրավիճակներում գործածվող հիմնական հասկացությունները

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻՑ

Ընդունվել է 02.12.1998

արտակարգ իրավիճակ` որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման.

բնակչության պաշտպանություն` արտակարգ իրավիճակներում մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիների, պետության և այլ սեփականատերերի ունեցվածքի պահպանության նպատակով իրավական, կազմակերպական և ինժեներատեխնիկական միջոցառումներ.

արտակարգ իրավիճակների կանխում` արտակարգ իրավիճակներ առաջացնող գործոնների կանխորոշում և վերացում.

արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցում` նախօրոք իրականացվող միջոցառումների համալիր` արտակարգ իրավիճակների ազդեցության հնարավոր մեղմացման համար.

արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում` արտակարգ իրավիճակներում փրկարարական և անհետաձգելի վերականգնողական աշխատանքների կատարում` մարդկանց կյանքի ու գործունեության բնականոն պայմաններ ապահովելու համար.

աղետի գոտի` արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած տարածք (բնակավայր, օբյեկտ) կամ տարածքի մի մաս.

տարհանում` վտանգավոր տարածքից անվտանգ տարածք` մարդկանց, կենդանիների և նյութական արժեքների ժամանակավոր տեղափոխում և տեղաբաշխում.

պատսպարում` արտակարգ իրավիճակներում զանգվածային ոչնչացման զենքի, ինչպես նաև ոչնչացման հատուկ միջոցների ազդեցությունից մարդկանց կյանքի ու գործունեության ժամանակավոր ապահովում` համապատասխան շինությունների տարածքում.

անհատական պաշտպանություն` մարդկանց` ճառագայթային, թունավոր և մանրէաբանական նյութերից պաշտպանության միջոցներով ապահովում.

հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտ՝ պետական ու ռազմավարական նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող և բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտ:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻՑ

Ընդունվել է 05.03.2002

քաղաքացիական պաշտպանություն՝ միջոցառումների համակարգ` ուղղված բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում.

քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածք` բնակավայր, հատուկ, կարևորագույն ու պատմամշակութային նշանակության օբյեկտներ ընդգրկող տարածք.
հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտներ` պետական և ռազմավարական նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող ու բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտներ.

քաղաքացիական պաշտպանության ծառայություններ՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրենց իրավասության սահմաններում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումն ապահովելու համար ստեղծված ծառայություններ.

քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ՝ համայնքներում, կազմակերպություններում ստեղծվող կազմավորումներ, որոնք հանդերձավորված են փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների համար նախատեսված տեխնիկայով, հանդերձանքով, գույքով ու նախատեսված են իրականացնելու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ և չեն մտնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կազմի մեջ.

անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ` առաջնահերթ աշխատանքներ` ուղղված մարդկանց կյանքին և առողջությանն սպառնացող այնպիսի գործոնների ազդեցության վտանգի վերացմանը, որոնք խոչընդոտում են մարդկանց որոնելուն և փրկելուն, ինչպես նաև շենքերի, շինությունների ամրացմանը կամ փլմանը, հեղուկ վառելիքի, գազի, էլեկտրաէներգիայի և ջրի աղբյուրների վթարային անջատմանը, բնակչության ու փրկարարների կենսաապահովման առաջնահերթ օբյեկտները ժամանակավոր սխեմաներով վերականգնմանը, վերանորոգմանը և տարածքի սանիտարական մաքրմանը:

 ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻՑ

Ընդունվել է 25.05.2004

արտակարգ իրավիճակի վայր` տարածք, օբյեկտ, ուր առաջացել է արտակարգ իրավիճակը.

փրկարար՝ փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախապատրաստված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորված ֆիզիկական անձ.

փրկարար ուժեր՝ փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված, համապատասխան փրկարարական միջոցներով հագեցված, մասնագիտացված փրկարարներով համալրված կազմավորումներ.

փրկարարական կազմավորումներ` փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման նպատակով պետական կառավարման մարմինների, համայնքների և կազմակերպությունների կազմում ստեղծված մշտական պատրաստության ստորաբաժանումներ, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ՝ համալրված փրկարարներով, փրկարարների գործունեությունն ապահովող անձանցով և փրկարարական միջոցներով.

փրկարարական միջոցներ՝ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման ու դրանց ղեկավարման համար նախապատրաստված տեխնիկական, գիտատեխնիկական միջոցներ և մտավոր գործունեության արդյունքներ, գույք, հանդերձանք, նյութեր, սարքավորումներ:

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻՑ

Ընդունվել է 18.04.2001

հրդեհային անվտանգություն` հրդեհներից անձի, գույքի, հասարակության և պետության պաշտպանվածություն.

հրդեհ` չվերահսկվող այրում, որը բարոյական, ֆիզիկական, գույքային վնաս է հասցնում անձին, հասարակության և պետության շահերին, վտանգում է մարդու առողջությունը և կյանքը.

հրդեհային անվտանգության պահանջներ` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված` հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական և տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ.

հրդեհաշիջման (հրդեհի մարման) հետ կապված վթարայինփրկարարական աշխատանքներ` հրդեհի ժամանակ մարդկանց, գույքը փրկելու, տուժողներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու ուղղությամբհրդեհային պահպանության մարտական գործողություններ.

հրդեհային պահպանություն` հրդեհների կանխարգելման, հրդեհաշիջման, ինչպես նաև դրանց հետ կապված վթարային-փրկարարական աշխատանքներ անցկացնելու նպատակով սահմանված կարգով ստեղծված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ուժերի և միջոցների, այդ թվում` հակահրդեհային միջոցների ամբողջություն.

հրդեհային անվտանգության միջոցներ` հրդեհային անվտանգության ապահովմանը, այդ թվում`հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարմանն ուղղված գործողություններ.

հրդեհատեխնիկական արտադրանք` հրդեհային անվտանգության ապահովման համար նախատեսված հատուկ տեխնիկական, գիտատեխնիկական և մտավոր արտադրանք, այդ թվում` հրդեհային տեխնիկա և սարքավորում, հրդեհային հանդերձանք, կրակմարիչ, հրապահպան և հրակայուն նյութեր, հատուկ կապի և կառավարման միջոցներ, համակարգչային ծրագրեր, տեղեկությունների բանկ, ինչպես նաև հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման այլ միջոցներ.

հրդեհային անվտանգության ապահովման համակարգ` հրդեհների դեմ պայքարի համար նախատեսված ուժերի և միջոցների, ինչպես նաև իրավական, կազմակերպական, տնտեսական, սոցիալական և գիտատեխնիկական միջոցառումների ամբողջություն: