Մի ամբողջ կյանք՝ հողի, աշխատանքի և ստեղծագործության հետ․ արծվաբերդցի Էմմա Ավալյանը նշում է ծննդյան 80-ամյակը

Արծվաբերդ գյուղի բնակիչ Էմմա Ավալյանն այսօր՝ օգոստոսի 6-ին նշում է ծննդյան 80-ամյակը։ Նրա կյանքի ուղին կապված է հայրենի հողի, գյուղատնտեսական աշխատանքի և ստեղծագործական մտքի հետ։
Տիկին Էմման պատմում է, որ առաջին բանաստեղծությունը գրել է դեռևս 8-րդ դասարանում։ Թեև իրեն երբեք չի համարել բանաստեղծ, սակայն կյանքի տարբեր փուլերում ապրած զգացողություններն ու մտահոգությունները դարձել են նրա ստեղծագործությունների հիմքը։
«Առաջին բանաստեղծությունը գրել եմ 8-րդ դասարանում։ Ես ոչ պոետ եմ, ոչ բանաստեղծ, բայց երբ հոգուս խորքից խոսք է դուրս գալիս, գրում եմ», — ասում է նա։
Նրա խոսքով՝ ստեղծագործելու հիմնական պատճառը եղել են կյանքի փորձություններն ու կորուստները։ Սակայն այսօր ամենամեծ ցանկությունն այն է, որ մարդիկ չապրեն այնպիսի ցավ, որը ստիպում է նման տողեր գրել։
«Ցանկանում եմ, որ մարդիկ խաղաղության մեջ ապրեն, իրենց լավ օրերը հիշեն, երջանիկ լինեն ու նման տխուր բանաստեղծություններ գրելու առիթ չունենան», — նշում է Էմմա Ավալյանը։
80-ամյա Էմմա Ավալյանը համոզված է, որ կյանքում յուրաքանչյուր մարդ ունենում է և՛ դժվարություններ, և՛ ուրախ պահեր, սակայն կարևոր է կարողանալ հաղթահարել փորձությունները և շարունակել առաջ շարժվել։
«Կյանքը ամեն ձևի էլ դասավորվում է։ Պետք է պայքարենք, դիմակայենք, ապրենք, առաջ նայենք ու լավը տեսնենք», — ասում է նա։
Էմմա Ավալյանը խոսում է նաև մարդկային հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ մարդը պետք է ապրի ազնիվ, խելքով ու բարի գործերով, որպեսզի իրեն լավ խոսքով հիշեն նաև տարիներ անց։
Կյանքի ընթացքում ամենամեծ սերն, ըստ նրա, եղել է հողը։ Չնայած տարբեր հնարավորություններին՝ նա երբեք չի ցանկացել հրաժարվել գյուղատնտեսական աշխատանքից։
«Ես կուզեմ հողագործությամբ զբաղվել, հողի բուրմունքը զգալ, հողի հետ շաղախվել, բերքի ու բույսի հետ խոսել։ Հողն եմ շատ սիրել, դա է ինձ ուժ տվել», — պատմում է նա։
Էմմա Ավալյանը հեղինակել է նաև հայրենի գյուղին ու գյուղացու աշխատանքին նվիրված մի շարք բանաստեղծություններ, որոնցում գովերգում է բնության գեղեցկությունն ու հողի մշակի քրտնաջան աշխատանքը։
80-ամյա Էմմա Ավալյանը շարունակում է հավատալ, որ մարդու թողած ամենամեծ արժեքը նրա բարի գործերն են, իսկ խաղաղությունն ու մարդկային բարությունը կյանքի ամենակարևոր նվաճումները։
Տավուշ Մեդիայի թիմը սրտանց շնորհավորում է Էմմա Ավալյանին 80-ամյակի առթիվ՝ մաղթելով ամուր առողջություն, ընտանեկան ջերմություն և երկար տարիների երջանիկ կյանք։
Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան։