«Աշխարհն իմ գույներով». պատանի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը
Օգոստոսի 3-ին Տավուշի թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ «Արևիկ սոցիալ-կրթական» կենտրոնի նկարչության խմբի պատանի նկարիչների աշխատանքների հաշվետու ցուցահանդեսը «Աշխարհն իմ գույներով» խորագրով:
Ցուցահանդեսում ներկայացված էին նկարչութայն խմբի 8-17 տարեկան սաների ազատ թեմաներով նկարված աշխատանքները՝ կատարված ակրիլով, ջրաներկով, գուաշով եւ այլ նյութերով:
Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնը հիմնադրվել է 2016 թ-ին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ. գործում է Տավուշի թեմի հովանու ներքո՝ իրականացնելով սոցիալական, կրթական գործունեություն։
Կենտրոնում գործում են մի շարք արվեստի խմբակներ, որոնք նպաստում են երեխաների ինքնազարգացմանը, աշխարհայացքի եւ արժեհամակարգի ձևավորմանը, էսթետիկ զարգացմանը, սոցիալական ինտեգրմանը’ այս ամենի հիմքում ունենալով հոգևոր կրթությունն ու դաստիարակությունը։