Աստղերին նայող զինվորը. Դավիթ Գիշյանի հոգեհանգիստը Նոյեմբերյանում
Հոկտեմբերի 1-ին Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված և սպանված զինծառայող Դավիթ Գիշյանի հոգեհանգստյան արարողությունը:
Դավիթը հայկական բանակ էր զորակոչվել 2021 թ. հուլիսին և ծառայում էր Սյունիքի լեռներում: Սեպտեմբերի 24-ին լրանալու էր նրա 20-ամյակը:
Հոգեհանգստի արարողությունը կատարվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի ձեռամբ:
Դավիթի հայրը՝ Բարսեղ Գիշյանն է պատմում. «Մեր վերջին խոսակցություններից մեկի ժամանակ ինքն ասաց՝ պապ, սենց երկնքին եմ նայում, էնքան աստղեր կան. հիշո՞ւմ ես, որ մեզ մոտ՝ սարերում՝ Նոյեմբերյանում նայում էինք երկնքին, հիմա նայում եմ, ու էդքան շա՜տ աստղեր կան: Ես, իհարկե, ուրախացա, որ ինքն այդ գիշերային լռության մեջ Սյունիքի սարերում ինչ-որ բան է գտել, որն իր ծառայությունը հաճելի է դարձնում՝ էդ աստղերին նայելն ու իր մանկությունը մեր սարերում հիշելը…»: