Ավանդական Վարդավառ․ «Ջանգյուլում» փառատոնը՝ Նոյեմբերյանի սարերում
Մշակութային արժեքներ, ազգային երգ ու պար, ուրախ խաղեր և ժամանց Նոյեմբերյանի սարերում. հուլիսի 23-ին մեկնարկեց արդեն ավանդական դարձած «Ջանգյուլում» փառատոնը:
Նոյեմբերյանցիների ամենասիրելի ավանդույթներից մեկին մասնակցելու հնարավորությունն այս տարի հենց Վարդավառի օրերին էր՝ հուլիսի 23-24-ին։
«Ջանգյուլում» փառատոնի նպատակն է վերականգնել ու պահպանել տարածաշրջանի ավանդույթները և իրագործել Վարդավառին բնորոշ սիրված ու սպասված տոնակատարությունները՝ դրանց ողջ մանրամասնությամբ, հմայքով ու մշակութային արժեքով։
«Ջանգյուլումը ծիսական՝ վիճակ-գուշակություն խաղ է, որի արմատները հին հայկական ժամանակներից են գալիս։ Ավանդույթը մեր տարածաշրջանում պահպանվել է՝ Վարդավառի, մեր ասած՝ Վարդևորի օրերին նշելու տեսքով։ Դա իմ մանկության օրերում տարվա ամենասիրելի ու սպասված պահն էր՝ երբ պիտի սարվորները հավաքվեին, գյուղից մեր մեծերը գային, ու մենք բոլորս խաղային Գյուլում՝ տեսնելու, թե այդ տարի մեզ համար ինչ է գուշակվելու»,- ասում է փառատոնի կազմակերպիչ «Բերդավան» հիմնադրամից Տիգրանուհի Զուրաբյանը։
«Բերդավան» հիմնադրամն արդեն երկրորդ տարին է՝ իրականացնում է իր առջև դրված նպատակներից մեկը՝ ակտիվացնել ու զարգացնել Նոյեմբերյան համայնքի կյանքն ու առօրյան, նպաստել համայնքի բարեկարգմանն ու տարածել մշակութային արժեքները։
Փառատոնի առաջին օրը հյուրերին սպասվում էր համերգային ծրագիր՝ ազգային երգ ու պարով, որից հետո տրվեց «Ջանգյուլում» խաղի մեկնարկը։ Օրը հագեցած էր նաև մշակութային ու ժամանցային ծրագրերով․ մասնակիցները քայլարշավ կատարեցին դեպի Մշկավանք։ Հյուրերը հնարավորություն ստացան մասնակցելու պարուսուցման, ձիավարության և այլ վարպետաց դասերի։
Փառատոնի երկրորդ օրն սկսվեց «Ջանգյուլում» խաղի շարունակությամբ, տոնական ուտելիքների պատրաստմամբ, և իհարկե, ավանդական ջրոցիով։