Ավանդույթի ուժով Իջևան համայնքում արդեն 2-րդ անգամ անցկացվեց «Մենք ենք, մեր սարերը» փառատոնը
«Մենք ենք, մեր սարերը» երկօրյա մշակութային փառատոն Իջևանում։ Ավանդույթի ուժով Իջևան համայնքում արդեն երկրորդ անգամ է անցկացվում այս փառատոնը, որը մեկնարկի պահից ապակենտրոնացված ու համաիջևանյան բնույթ է ստացել։ EU4Culture ծրագրի ֆինասավորմամբ և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ գործընկերությամբ Իջևան համայնքը մշակել է իր մշակութային ռազմավարությունը, որի շրջանակում էլ կյանքի կոչվեց «Մենք ենք, մեր սարերը» փառատոնը։
Փառատոնի ընթացքում Իջևան համայնքի բոլոր բնակավայրերը, տեղացի արտադրողները, արվեստի և արհեստի ներկայացուցիչները իրենց արտադրանքը, Իջևանի հող ու ջրի բերքն ու բարիքը 2 օր շարունակ ցուցահանդես-վաճառքի միջոցով ներկայացրին հանրությանը։
Ավանդական խաղերը, երգն ու պարը, ազգային շունչը փառատոնի ընթացքում հասան նաև գյուղական բնակավայրեր․ առաջին օրը՝ Լուսահովիտում․ հնձվորների մրցույթից մինչ տավուշյան խոհանոցից վարդավառյան հյուրասիրություն։
Փառատոնի երկրորդ օրը հագեցած օրակարգով անցկացվեց Սևքար գյուղում։ Բարբառների մրցույթ, համերգային ծրագրեր, ավանդական ծիսակատարություններ: «Մենք ենք, մեր սարերը» փառատոնը՝ մշակույթի վերարժևորման, պահպանման ու փոխանցման խոստումով հանրությանը կհամախմբի մշակույթի շուրջ արդեն հաջորդ տարի։