«Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի շնորհանդեսը Իջևանում

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի երկրորդ՝ իջևանյան շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 25-ին։ Գիրքը պարզ և անկեղծ զրույցների շարք է՝ այժմյան դառն իրականության և գողացված ուրախության ժամանակաշրջանում՝ մեր անցած ճանապարհի և անելիքների մասին՝ հիմնված Աստվածաշնչի պատգամների վրա։ Շնորհանդեսը գրքի պանելային քննարկման ձևաչափով էր․ քննարկման բանախոսներն էին բանասիրական գիտությունների թեկնածու Մուշեղ Սարուխանյանը և պատմաբան Վլադիմիր Պողոսյանը։ 

Ներկաները իրենց մտքերը կիսեցին գրքի վերաբերյալ,կրկին արձանագրելով՝ այսօրվա ինքնության ճգնաժանի մեջ այս գիրքը մեր երազների երկիրը կառուցելու մեծ ճանապարհի առաջին քայլը կարող է դառնալ։Ավետյաց Երկիրը մեր բոլոր իղձերի և ձգտումների, երջանկության և անսպառ ուրախության մեծ տունն է, որը կառուցելու ճանապարհի մեջ կոչված է լինել յուրաքանչյուր հայ՝ որպես առանձին անձ, և որպես հավաքականություն՝ ազգ ու ժողովուրդ: Գրքում ուրվագծվում են մեր իսկատիպ նկարագիրը, բացառիկ ինքնությունը և մղում մեզ ապրելու Ավետյաց Երկիրը կառուցելու տեսիլքով, որը հայ ժողովրդի երազանքն ու ձգտումն է: 

Գրքի քննարկումները հաջորդաբար կայանալու են Տավուշի բոլոր համայնքներում․ գիրքը վաճառվում է Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում և առցանց գրախանութներում։