«Այբ» կրթական հիմնադրամը՝ UNICEF Armenia – Յունիսեֆ Հայաստան-ի հետ համատեղ իրականացնում է ուսուցիչների կարողությունների զարգացման նոր ծրագիր
Նախագծային ուսուցում․ մեկնարկում է ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագիրը
Հայաստանի 6 մարզի 33 համայնքում մեկնարկում է 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագիր։ Դրա նպատակն է ուսուցիչներին ծանոթացնել կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին և այդ թեմայի շուրջ ուսումնական նախագծային աշխատանքի կազմակերպման ողջ գործընթացին։
Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ամբողջովին յուրացնելու նախագծային ուսուցումը, որը, ըստ հանրակրթական պետական չափորոշչի, 2023 թ.-ից դառնալու է ուսուցիչների աշխատանքի հիմնական բաղադրիչներից մեկը։ Ծրագրի շնորհիվ ուսուցիչները հնարավորություն կունենան նաև փորձառու մենտորների աջակցությամբ աշակերտների հետ մշակելու և իրագործելու իրենց իսկ համայնքների կլիմայական խնդիրների լուծմանը միտված նախագծեր։ Արդյունքում ուսուցիչները համապատասխան նախագծով կկարողանան մասնակցել միջհամայնքային մրցույթի և հաղթելու դեպքում ստանալ աջակցություն՝ կյանքի կոչելու նախագիծը:
Մասնակցող մարզերն են՝ Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ, Լոռի, Շիրակ և Գեղարքունիք։ Համայնքների ցանկը և գրանցման լինկը գտնել այստեղ։
Ծրագիրը համատեղ իրականացնում են «Այբ» կրթական հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։