Այգեձորում անցկացվել է պտղաբուծության զարգացմանն ուղղված ուսուցողական դասընթաց

Մարտի 19-ին Տավուշի մարզի Այգեձոր գյուղում գործող «Էկո գարդեն» գործարանում անցկացվել է ուսուցողական դասընթաց՝ SIGMA ծրագրի հետ համագործակցության շրջանակում։
Դասընթացն ուղղված էր մարզում պտղաբուծության զարգացման հեռանկարներին՝ կլիմայական փոփոխությունների պայմաններում։ Մասնակիցներին ներկայացվել են ոլորտի արդի մարտահրավերները, զարգացման հնարավորությունները, ինչպես նաև մշակության արդյունավետ կազմակերպման և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մոտեցումները։
Միջոցառմանը մասնակցել են ոչ միայն Այգեձորի բնակիչները, այլև հարակից բնակավայրերի ներկայացուցիչներ, ինչը նպաստել է փորձի փոխանակման և մասնագիտական քննարկումների ընդլայնմանը։ Դասընթացն անցել է ակտիվ և փոխգործակցային մթնոլորտում․ մասնակիցները ներգրավված են եղել քննարկումներում, ուղղել են հարցեր և կիսվել իրենց գործնական փորձով։ Այս ձևաչափը հնարավորություն է տվել առավել խորությամբ ընկալելու ներկայացված թեմաները և ամրապնդելու ձեռք բերված գիտելիքները։
Մասնակիցները կարևորել են նման նախաձեռնությունների անցկացումը՝ ընդգծելով, որ հատկապես կլիմայական փոփոխությունների պայմաններում անհրաժեշտ է շարունակական կրթություն և արդիական գիտելիքների փոխանցում։ Նրանք նաև նշել են, որ նման դասընթացները նպաստում են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը և համայնքների զարգացմանը։
Դասընթացը կարևոր քայլ է հանդիսանում համայնքներում իրազեկվածության բարձրացման և գյուղատնտեսության կայուն զարգացման խթանման ուղղությամբ։
Հեղինակ՝ Անահիտ Մակյան։