Այս տարի լրանում է ժողովրդական արվեստի նվիրյալ Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակը

Այս տարի լրանում է հայ ժողովրդական մշակույթի պահպանման և զարգացման գործում անգնահատելի ավանդ ունեցած, մշակութային գործիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների մեկնարկը վարպետի սիրելի Դիլիջանում էր՝ իր հիմնադրած գեղարվեստի դպրոցում։  Թեպետ նա ծնունդով Դիլիջանից չէր, սակայն կյանքի մի կարևոր շրջափուլ կապվեց հենց քաղաքի հետ։ Առողջական խնդիրների պատճառով տեղափոխվելով այստեղ՝ Շարամբեյանը սիրահարվեց Դիլիջանին,  քաղաքը դարձավ նրա ստեղծագործական ներշնչանքի աղբյուրը։ Դիլիջանցիները Հովհաննես Շարամբեյանին մտերմիկ ու բարեկամաբար Վանիկ էին ասում։

Միջոցառումը նվիրված էր նրա բազմակողմանի գործունեությանը՝ ժողովրդական արվեստի պահպանությունից մինչև թանգարանային գործի զարգացում։ Շարամբեյանի գործունեության առանցքում եղել է ազգային ինքնության պահպանումը՝ մշակույթի լեզվով։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նրա կյանքի ու գործունեության մասին հետաքրքիր և ուսանելի դրվագներ, ցուցադրվեցին արխիվային լուսանկարներ և տեսանյութեր, շուրջ բոլորը վարպետի հիմնադրած դպրոցի աշակերտների ստեղծագործություններն էին։  Այսօր Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցում շուրջ 500 երեխաներ են սովորում։

Դիլիջանում նրա մասին խոսելիս առաջին հերթին հիշում են մարդուն՝ Վանիկին, ով այստեղ գտավ իր երկրորդ տունն ու ինքնամոռաց նվիրվեց քաղաքին։ Մահվանից տասնյակ տարիներ անց էլ նրա անունը շարունակում է հնչել մշակութային շրջանակներում, նաև քաղաքի առօրյայում՝ որպես նվիրվածության, ազգային ինքնության և արվեստին ծառայելու օրինակ։

Տավուշ հեռուստաընկերության եթերը մերթընդմերթ ընդմիջվում և զարդարվում են Հովհաննես Շարամբեյանի արվեստի գործերի ներկայացմամբ։ Մշակութային ժառանգության հանրահռչակման նպատակով մեր եթերում էլ ավելի հաճախ ցուցադրվում են ժողովրդական արվեստի գործերը՝ «կենդանացած», նոր շնչով ու խոսքով։

Դիտեք նաև՝