Այսօր պատմաբան Արտաշես Շահնազարյանի ծննդյան օրն է

Օգոստոսի 2-ը «Տավուշապատում» շարքի հեղինակ, տավուշեցի անվանի պատմաբան Արտաշես Շահնազարյանի ծննդյան օրն է։ Նա դառնում է 75 տարեկան։ Առաջարկում ենք ընթերցել Արտաշես Շահնազարյանի հեղինակային «Տավուշապատում» շարքի հերթական պատմությունը․

Տավուշապատում ԾԵ
Նոր բերդը Տավուշ գավառի միջնադարյան ամրություններից հայտնիությամբ երկրորդն է Տավուշ բերդից հետո։ Այն տարբեր առիթներով քանիցս հիշատակվել է հայկական և վրացական գրչագիր ու վիմագիր աղբյուրներում։ Այդուհանդերձ Նոր բերդի ոչ կառուցողի անունն ու շինության ժամանակը, ոչ էլ ստույգ տեղադրությունը հայտնի չեն։ Սակայն Մխիթար Այրիվանեցու մի վկայությունից առ այն, որ 1045 թ․՝ Բագրատունյաց թագավորության անկումից հետո, Բագրատունիների զարմից մնացին նաև Նոր բերդում, հետևում է, որ Նոր բերդը կառուցվել է Բագրատունիների օրոք և կողմից՝ նախքան 1045թ․։ Ինչ վերաբերում է Նոր բերդի տեղադրությանը, ապա նրա գոնե մոտավոր տեղորոշմանն օգնում են Կիրակոս Գանձակեցու վկայությունները Նոր Վարագավանքը Նոր բերդի մոտ, իսկ Խորանաշատը՝ Երգևանք բերդի դիմաց գտնված լինելու մասին։ Դրանցից հետևում է, որ եթե Խորանաշատից Երգևանքը տեսանելի է եղել, ապա Նոր Վարագավանքից Նոր բերդը՝ ոչ։ Հետևաբար Նոր բերդը պետք է փնտրել Նոր Վարագավանքից անտեսանելի, բայց նրան մերձակա բարձունքներից մեկի վրա։ Այդ տրամաբանությամբ առավել հավանական է թվում Նոր բերդը նույնացնել Նոր Վարագավանքից մոտ 4 կմ հյուսիս-արևմուտք ընկած Ցից քար (Օձքար) կոչված բարձունքի հետ, ինչպես ժամանակին կարծել է Մակար Բարխուդարյանը։
Նոր բերդը 1113 թ․ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության անկումից հետո դարձել է Տավուշ գավառում ստեղծված Կյուրիկյան երեք փոքրիկ իշխանություններից Հախում գետի ավազանում ընկած Նոր բերդի իշխանության կենտրոնը։ Կյուրիկյան այդ իշխանությունը գտնվել է Գանձակի սելջուկյան մալիքության գերիշխանության տակ։ Վրաց թագավոր Դավիթ IV Շինարարը 1124թ․ Նոր բերդը գրավել է, իսկ 1128թ․ նրան հաջորդած Դեմետրե I-ը Նոր բերդի մոտ կայացած ճակատամարտում ջախջախել է Առանի կառավարիչ Կարա Սոնկուրի մեծաթիվ բանակը։ Սակայն վերջինս 1130-ական թվականների վերջերին հաղթել է Դեմետրե I-ին։ Դրանից հետո Տավուշ գավառը, ներառյալ Նոր բերդի Կյուրիկյան իշխանությունը Նոր բերդով հանդերձ, կրկին ընկել է Գանձակի սելջուկյան մալիքության գերիշխանության տակ։
1190-ական թվականների երկրորդ կեսին Իվանե Ա Զաքարյանն այդ իշխանությունը Նոր բերդով հանդերձ ազատագրեց և մտցրեց իր հորեղբորորդի Բլուզ Զաքարեին պատկանող Վահրամյանների հզոր իշխանության մեջ։ Մոնղոլ զորավար Մոլար նոյինը 1236թ․ ամռանը, ի թիվս Տավուշ գավառի մյուս ամրությունների, գրավեց նաև Նոր բերդը։ Դրանից քիչ անց այն մոնղոլների կողմից Տավուշ գավառի մյուս բերդերի նման ավերվել և աղբյուրներում այլևս չի հիշատակվել։