Ազատամուտում ներկայացվել է Օքրո Օքրոյանի գրական ժառանգությունը

Ազատամուտում գրական-գեղարվեստական միջոցառմամբ նշեցին հայ գրող, գրականագետ Օքրո Օքրոյանի ծննդյան օրը։ Միջոցառմանը մասնակցում էին գրականության սիրահարներ, Ազատամուտի բնակիչներ և հատկապես երիտասարդներ, որոնք հնարավորություն ունեցան ծանոթանալու Օքրո Օքրոյանի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը։ Օքրո Օքրոյանը ծնվել է 1939 թվականին՝ Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում։ Նա բանասիրական գիտությունների թեկնածու էր, Հայաստանի գրողների միության անդամ։ Տարիների ընթացքում Օքրոյանը ստեղծել է բանաստեղծական ժողովածուներ, վեպեր և գրականագիտական աշխատություններ։ Նրա հեղինակած գրքերից են «Հանդիպում ուղեծրում», «Շուշանաց հովիտը», «Աստված սեր է» քառահատոր ժողովածուն և «Լեռան զանգեր» վեպը։
Ազատամուտում կազմակերպված գրական-գեղարվեստական ցերեկույթի ընթացքում ներկայացվել են գրողի կյանքի ու ստեղծագործական ուղու կարևոր դրվագները, հնչել են նրա ստեղծագործություններից հատվածներ, իսկ մասնակիցները խոսել են Օքրոյանի գրական ժառանգության նշանակության մասին։
Միջոցառման առանձնահատկությունն այն էր, որ դրա ակտիվ մասնակիցները երիտասարդներ էին։ Նրանց համար միջոցառումը և ճանաչողական, ևգրական երկխոսության հնարավորություն էր՝ բացահայտելու մի հեղինակի, որի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ ունեն հայրենիքը, սերը, մարդն ու հոգևոր արժեքները։
Օքրո Օքրոյանը մահացել է 2003 թվականին Երևանում։ Տարիներ անց նրա անունն ու ստեղծագործությունը շարունակում են հնչել նաև հայրենի գրական միջավայրից դուրս՝ նոր ընթերցողների համար դառնալով բացահայտման հնարավորություն։