Ազնվացեղ եղջերուները կարող են հայտնվել բնակավայրերի հարակից տարածքներում

Ազնվացեղ եղջերուները կարող են հայտնվել բնակավայրերի հարակից տարածքներում

«Դիլիջան» ազգային պարկը տեղեկացնում է, որ վայրի բնություն բաց թողնված կովկասյան ազնվացեղ եղջերուները կարող են ժամանակ առ ժամանակ հայտնվել բնակավայրերի հարակից տարածքներում կամ նույնիսկ մասնավոր բակերում։ Սա կենդանիների բնական տեղաշարժի և նոր միջավայրին հարմարվելու գործընթացի բնական դրսևորում է։

Մարդու ցանկացած միջամտություն կարող է վտանգ ներկայացնել թե՛ կենդանու, թե՛ մարդու համար։ Այդ իսկ պատճառով քաղաքացիներին կոչ է արվում պահպանել անվտանգության և վարքագծի համապատասխան կանոնները։

Մասնավորապես՝

  • չի թույլատրվում մոտենալ եղջերուին կամ փորձել դիպչել նրան,
  • արգելվում է կենդանուն կերակրել, քանի որ դա խաթարում է նրա բնական վարքն ու սննդային ռեժիմը,
  • պետք է խուսափել բարձր ձայներից, հանկարծակի շարժումներից, ինչպես նաև կենդանուն վախեցնելուց լուսանկարելիս կամ տեսանկարելիս։

Ճանապարհային երթևեկության ընթացքում եղջերու նկատելու դեպքում անհրաժեշտ է նվազեցնել արագությունը և ցուցաբերել առավելագույն զգուշություն՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար։

Տեղեկացվում է նաև, որ եղջերուների տեղաշարժը վերահսկվում է ռադիոհսկման միջոցով, իսկ կենդանիները գտնվում են պետական պահպանության ներքո։

Եղջերու նկատելու կամ միջադեպի դեպքում խնդրում ենք կապ հաստատել «Դիլիջան» ազգային պարկի հետ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 268 27 171, +374 60 71 71 21

Հիշեցնենք, որ ազնվացեղ եղջերուին վնասելու կամ ոչնչացնելու դեպքում պետությանը պատճառված վնասը գնահատվում է 15 միլիոն դրամ, ինչպես նաև կիրառվում են պատասխանատվության միջոցներ՝ համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածի։

«Դիլիջան» ազգային պարկը կոչ է անում ցուցաբերել պատասխանատու վերաբերմունք և աջակցել բնության պահպանմանն ուղղված միջոցառումներին։