Բաց դաս-հանդիպում․ 2022-2023 ուս.տարվան ընդառաջ Իջևանում մեկնարկում է Իրական դպրոցը
2022-2023 ուս.տարվան ընդառաջ Տավուշի մարզում առաջին անգամ մեկնարկում է «Իրական դպրոց» նախագիծը:
Դպրոցի գործունեության սկիզբը տրվում է մարզկենտրոն Իջևանից. oգոստոսի 12-ին կայացավ բաց դաս-հանդիպում, որի ընթացքում բոլոր հետաքրքրված անձինք հնարավորություն ստացան մանրամասն ծանոթանալու Իրական դպրոցի կառուցվածքին, նպատակին, գաղափարներին և իրականացված ու իրականացվելիք նախագծերին:
Բացի դպրոցի գործունեությանը մասնակիցներին ծանոթացնելը, Իրական դպրոցը ամռան ամիսների ընթացքում Իջևանում հանդես էր եկել կրթամշակութային մի քանի նախաձեռնություններով:
«Իրական դպրոց» նախագիծը իրականացվում է ԵՄ «Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման» տարածաշրջանային դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագրի գլխավոր հայտատուն Իջևանի համայնքապետարանն է, որը, համագործակցելով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և COWO համայնքային աշխատամիջավայրի հետ, նպատակ ունի ծավալել պետություն-մասնավոր գործընկերության երկխոսություն՝ ուղղված զբոսաշրջության, բարձրարժեք գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում նորարար ձեռներեցության զարգացման համար կայուն էկոհամակարգի ստեղծմանը։
Ծրագիրն առաջարկում է առաջադեմ կրթական հնարավորություններ՝ Իրական դպրոցի գործարկման և մասնագիտական դասընթացների մեկնարկի միջոցով՝ հիմնված նախագծային կրթության մոդելի վրա:
Իրական դպրոցի սաներն ունեն մասնագիտական վերապատրաստում ստանալու հնարավորություն` վարժանքների, աշխատանքի վրա հիմնված ուսուցման և կոշտ ու փափուկ հմտությունների զարգացման միջոցով: