Բացվեց Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնը

Իջևան խոշորացված համայնքի շուրջ 47 հազար բնակիչ այսուհետ սոցիալական անապահովության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտներին առնչվող ծառայությունները կստանա «մեկ պատուհանի» սկզբունքով՝ Միասնական սոցիալական ծառայության Տավուշի մարզի Իջևանի նորաբաց տարածքային կենտրոնում։

Կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և այլ հյուրեր։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշում է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2021 թվականին իրկանություն դարձրեց մի կարևոր ռեֆորմ․ ստեղծվեց Միասնական սոցիալական ծառայությունը, որն իր մեջ ներառում է 4 ծառայություն՝ սոցապահովություն, սոցաջակցություն,  աշխատանքի և զբաղվածության բաղադրիչ, ինչպես նաև՝ բժշկասոցիալական փորձաքննություն։ Այս ռեֆորմի ներդրմամբ մենք հնարավորություն ենք տալիս քաղաքացիներին «մեկ պատուհանի» սկզբունքով ստանալ սոցիալական պաշտպանվածության և զբաղվածության ոլորտի բոլոր ծառայությունները մեկ պետական մարմնից։ Սա, բնականաբար, բարձրացնում է արդյունավետությունը, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման որակն է բարձրանում»։

 Միասնական սոցիալական ծառայությունն ապահովելու է բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական և ամբողջական գնահատումը, նպաստելու է սոցիալական աշխատանքի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի խոսքերով՝ այսօր Միասնական սոցիալական ծառայության արդեն 17-րդ կենտրոնն է բացվում․ «Քանի որ քաղաքացիների հետ տարվող աշխատանքներում անմիջականորեն ներգրավված են նաև սոցիալական աշխատողները, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվում են նրանց վերապատրաստման դասընթացներ»։ Նա հուսով է, որ Միասնական սոցիալական ծառայության  այս կենտորնը ևս «կգործի որդեգրած հիմնական գաղափարին համահունչ․ այն է՝ միասնական համակարգի միջոցով սոցիալական ծառայություններ տրամադրել քաղաքացիներին»։ 

Միասնական սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս բարձրացնել սոցիալական ծառայությունների որակը և ապահովել ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրումը։ Հանրապետությունում այժմ գործում է նմանատիպ 49 տարածքային կենտրոն։