«Բանակը մեր խաղաղությունն է, արժանապատվությունն ու սրբությունը». շարունակվում է զինված ուժերի համալրման գործընթացը
Այսօր՝ հունվարի 21-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:
Նրանց ծառայության ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Բադալյանը, մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, զորակոչիկների հարազատները:
«Սիրելի’ զորակոչիկներ, ծնողներ, հարազատներ, ողջունում եմ բոլորիդ։ Զորակոչիկների հարգելի’ ծնողներ, երախտապարտ եմ ձեզ հայրենասեր որդիներ դաստիարակելու համար։ Բանակը մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից մեկն է, մեր խաղաղությունն է, արժանապատվությունն ու սրբությունը։ Սիրելի’ տղաներ, այսօր ձեր հերթն է` ստանձնելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործը։ Վստահ եմ, որ արժանապատվորեն եք իրականացնելու ձեր ծառայությունը։ Թո՛ղ մայրերի աղոթքն ու Աստծո օրհնությունը ձեզ հետ լինեն։ Խաղաղությամբ իրականացնեք ձեր ծառայությունը և վերադառնաք` շենացնելու ձեր տունն ու համայնքը։ Աստված պահապան բոլորիդ։ Փա’ռք մեր բանակին»,- իր ելույթում նշել է Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը։
Զորակոչիկներին իր բարեմաղթանքն է հղել նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատար, կապիտան Վարդան Աբրահամյանը: