Բարեկամավանն ահազանգում է

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցը գրում է․
«Դպրոցն ապրում է, երբ շունչ կա սահմանում…
Այսօր մեր համայնքը կանգնած է լրջագույն վտանգի առաջ՝ փակման եզրին է Բարեկամավանի դպրոցը։ Դպրոց, որը ոչ միայն կրթության օջախ է, այլև համայնքի հոգին։ Այն միակ լույսն է, որ փայլում է մեր սահմանին՝ ապացուցելով, որ հայրենիքը չի լքվել, որ հայ մարդը ապրում, արարում, սովորում ու սովորեցնում է։ Փակել դպրոցը՝ նշանակում է փակել մի ամբողջ պատմություն, ապագա ու երազանքներ»։
Բարեկամավան գյուղը հայ-ադրբեջանական սահմանից հեռու է մոտ 1000 մետր։ 1930-ական թվականներին գյուղի բնակչությունը կազմում էր շուրջ 900 մարդ, իսկ այսօր Բարեկամավանում 150 մարդ է ապրում։
«Տավշո աշխարհում, բարձրաբերձ լեռների մեջ, այնտեղ, որտեղ հողն ու երկինքը ձուլվում են, հպարտ կանգնած է Բարեկամավանի դպրոցը։ Սա պարզապես շենք չէ՝ քարերով ու պատերով կառուցված. սա գիտելիքի ջահն է, որ լուսավորում է սերունդների ճանապարհը, ուժ է տալիս համայնքին ու պահպանում գյուղի շունչը։
Այս դպրոցում ամեն դասասենյակ պատմություն ունի՝ լի երազանքներով, հաջողություններով ու անկոտրում կամքով։ Այստեղ աշակերտները միայն տառերը չեն սովորում, այլև հայրենիքի սիրո դասերը, որովհետև սահմանին գիտելիքը ոչ միայն ուժ է, այլև զենք։
Դպրոցի պատերից ներս անցյալի ու ապագայի ձայները խառնվում են իրար. առաջին ուսուցիչների խորհուրդներն ու նոր սերնդի նպատակները միաձուլվում են այստեղ։ Եվ քանի դեռ այս դպրոցում ծիծաղում են երեխաները, արձագանքում են զանգերը, և ուսուցիչները ջանասիրաբար փոխանցում են իրենց գիտելիքը, Բարեկամավանը կապրի, կշնչի ու կշարունակի իր պատմությունը գրել․․․»
Բարեկամավանի միջնակարգ դպրոց
Կարդացեք նաև՝