Բերդ համայնքում կայացել է ցերեկույթ՝ նվիրված Նունե Պողոսյանի 75-ամյա հոբելյանին

Տավուշեցի բանահավաք, հուշապատումների, տարածաշրջանի անվանի մարդկանց և իրադարձությունների մասին պատմող գրքերի հեղինակ, իրավաբան Նունե Պողոսյանը վերջերս տոնեց ծննդյան 75-րդ տարեդարձը: Մարտի 25-ին Բերդի երաժշտական և արվեստի դպրոցում կայացել է ցերեկույթ՝ նվիրված նրա հոբելյանին:

Միջոցառումը մեկնարկել է տերունական աղոթքով, որը հնչեցրել է Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը: Միջոցառմանը Բերդ համայնքի ղեկավարի խորհրդականը համայնքային իշխանությունների անունից շնորհավորել և շնորհակալագիր է հանձնել  Նունե Պողոսյանին՝ տարածաշրջանի բարբառի պահպանման և հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար: 

Տոնական միջոցառմանը ներկայացվել է Նունե Պողոսյանի կենսագրությունը: Հնչել են նրա ստեղծագործություններից հատվածներ, ներկաներից շատերը նաև ելույթներով են հանդես եկել՝ կիսվելով իրենց հիշողություններով ու տպավորություններով։

Նունե Պողոսյանը հեղինակել է ինքնակենսագրական և շրջանի անվանի մարդկանց ու կյանքի մասին պատմող «Կյանքի բավիղներում», «Տավշո ղողանջներ», «Տավշո խոսք ու զրույց», «Մուրղուզա սարից Տավուշ կետնվեր», «Բժշկի օրագիրը», «Հանրության նվիրյալը» գրքերը: