Բերդ համայնքում յուրովի նշվեց աղջիկ երեխայի օրը
Արդեն 10 տարի է, ինչ ՄԱԿ-ը հոկտեմբերի 11-ը հայտարարել է աղջիկ երեխաների միջազգային օր՝ խոսելու աղջիկների իրավունքների և այն առանձնահատուկ խնդիրների մասին, որոնց առնչվում են նրանք։
Օրը յուրովի նշվեց Բերդ համայնքում. միջոցառումը մեկնարկեց Բերդի «Սորաններ» դենդրոպարկում` «Նէ»-ի անվանումը կրող աղջիկ երեխայի պուրակի հիմնադրման միջոցառմամբ: Winnet Berd-նախաձեռնությամբ 80 վարդի տնկիներ տնկվեցին նորաստեղծ պուրակում։
Միջոցառման 2-րդ հատվածը Բերդի մշակույթի տանն էր: Ոգևորող, ոգեշնչող ու միմյանց քաջալերող ելույթներով հանդես եկան անվանի կանայք, որոնք մեծ ներդրում են ունեցել իրենց համայնքի կայացման գործում։ Միջոցառմանը հատուկ մրցանակների արժանացան նաև Բերդ համայնքի Չինարի, Այգեձոր, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Վարագավան, Նավուր, Արծվաբերդ, Չինչին, Այգեպար, Չորաթան բնակավայրերի 15 աղջիկներ, որոնք աչքի են ընկել իրենց բարձր առաջադիմությամբ, համայնքին ուղղված բազմաթիվ նախաձեռնություններով ու վստահորեն այդ մեծ գործի շարունակողներն են լինելու։
Միջոցառումը նախաձեռնել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Winnet Berd-ը՝ The Body Shop Armenia-ի և Բերդի Մշակույթի տան հետ համատեղ. այն իրականացվեց «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և Հարավ-Հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։