Բերդ քաղաքում բացվել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի նոր նստավայրը

Մարտի 4-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում բացվել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի նոր նստավայրը։

Բերդ քաղաքի և հարակից բնակավայրերի շահառուներն այսուհետ հնարավորություն կունենան տեղում ստանալու անվճար իրավաբանական օգնություն՝ ապահովելով արդյունավետ իրավական պաշտպանություն ունենալու իրենց իրավունքը:

«ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը շարունակաբար ընդլայնում է իր ներկայությունը մարզերում՝ ապահովելու իրավական աջակցությունը յուրաքանչյուր քաղաքացու համար՝ անկախ բնակության վայրից», — հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից։

Գրասենյակի նստավայրը հիմնվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ եւ ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում եւ ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։

Հանրային պաշտպանի գրասենյակի Բերդի նստավայրը գտնվում է Լևոն Բեկի 5 հասցեում (համայքնապետարանի շենք, 4-րդ հարկ):

Հանրային պաշտպանի գրասենյակը ՀՀ փաստաբանների պալատի կազմում գործող կառուցվածքային ստորաբաժանում է, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում անձանց տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն՝ իրականացնում է հանրային պաշտպանություն: Իրավաբանական օգնությունը տրամադրվում է գրասենյակում աշխատող փաստաբանների՝ հանրային պաշտպանների միջոցով:

Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է`

  1. խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում,
  2. ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը` քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով: