Բերդավանում կասեցվել է նարնջի և տանձի համերով գազավորված ըմպելիքների արտադրությունը

Տավուշի մարզի Բերդավան գյուղում կասեցվել է նարնջի և տանձի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ անհատ ձեռնարկատեր Արայիկ Նավասարդյանին պատկանող՝ Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի 10-րդ փողոցի 1-ին փակուղու 4 հասցեում գործող արտադրամասում իրականացված զննման շրջանակում վերցված նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։ Փորձաքննության արդյունքներով՝ «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք նարնջի համով» արտադրատեսակի նմուշը չի համապատասխանել «ՄԱՄՔ» ցուցանիշով սահմանված պահանջներին, իսկ «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՄՔ» և «Խմոր/բորբ (գումարային)» ցուցանիշներով սահմանված պահանջներին։ Ըստ տեսչական մարմնի՝ արձանագրված արդյունքները չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և հիգիենայի պահանջներին։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ նշված երկու արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։