Բերդավանում նշվել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը

«80 տարին բնության կողմից մեծ զիջողություն է արված մարդուն։ Պետք է, որ այս շնորհը լավագույն ձևով օգտագործվի։ Իհարկե, մարդ չպետք է մտածի աշխարհից բան տանելու մասին, այլ աշխարհում բան թողնելու մասին։ Մնացածն ունայնություն է…»․ Ավետիք Իսահակյանի այս խոսքերն այսօր էլ հնչում են նույն ուժով՝ մարմնավորելով նրա թողած անգնահատելի ժառանգությունը։
Հայ գրականության մեծերից՝ Ավետիք Իսահակյանը, իսկապես արժեքավորը թողեց աշխարհում։ Ժամանակի փորձությունը միայն ավելի պայծառ է դարձնում նրա պոեզիայի մարգարիտները․ յուրաքանչյուր նոր սերունդ բացահայտում է Իսահակյանի մշտադալար տողերի շերտերը, նրա երկերի արժեքները։
Վարպետի ծնունդից անցել է մեկուկես դար։ Այդ ժամանակը նրան կանգնեցրել է ժողովրդական մեծ պատվանդանի վրա՝ որպես անզուգական հայրենասեր, վեհ բանաստեղծ և համաժողովրդական Վարպետ։
Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված միջոցառումը Բերդավանում կազմակերպվել էր Գեղագիտական կենտրոնի աշխատակազմի և Բերդավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լուսինե Խոջոյանի նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում հանդիսատեսը տեղափոխվեց մեծ գրողի ապրած ժամանակաշրջան, հաղորդվեց նրա արվեստի անգին գոհարներին, դիտեց նաև «Աամենապիտանի բանը» ներկայացումը։
Կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին՝ բարձր արվեստով հանդես գալու և միջոցառումը հագեցած ու հիշարժան դարձնելու համար։