Մշակութային նոր շունչ սահմանամերձ համայնքում․ Բերդում բացվել է համայնքային պատկերասրահ

Բերդում բացվել է համայնքային պատկերասրահ

Բերդ համայնքի մշակութային կյանքում նորություններ կան․ սահմանամերձ համայնքում՝ Բերդի մշակույթի տանը բացվել է համայնքային պատկերասրահ, որտեղ մեկ հարկի տակ ցուցադրվում են Տավուշի մարզի արվեստագետների աշխատանքները։ Տավուշեցի նկարիչ Ռոմեո Մելիքյանի տարիներ շարունակ երազանք թվացող գաղափարն այսօր արդեն իրականություն է։

Պատկերասրահի բացման արարողությանը ներկա էին արվեստագետներ, մշակույթի գործիչներ և համայնքի բնակիչներ։ Պատկերասրահի ստեղծմամբ Բերդում մշակութային կյանքը նոր մակարդակի է բարձրանում։ Այսուհետ այստեղ կանցկացվեն ցուցահանդեսներ, ստեղծագործական հանդիպումներ և մշակութային տարբեր միջոցառումներ՝ և տեղացի արվեստագետների, և հանրապետության տարբեր մարզերից ժամանած հեղինակների մասնակցությամբ։

Նորաբաց սրահում արդեն ծրագրվում են հաջորդ ցուցահանդեսներն ու մշակութային հանդիպումները։ Արվեստագետների կարծիքով՝ պատկերասրահը նախ և առաջ վայր է որտեղ մարդիկ կարող են հանդիպել ու հաղորդակցվել արվեստին։

Նորաստեղծ պատկերասրահը կնպաստի նաև համայնքի տաղանդավոր արվեստագետների բացահայտմանն ու առաջմղմանը՝ Բերդում ձևավորելով ավելի ակտիվ և ստեղծագործ մշակութային միջավայր։