Բերքաբեր գյուղի ջրամբարում տղամարդու դի է հատնաբերվել (Թարմացված 13։00 11.09.22թ)

Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 6-ին, ժամը 14:44-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերքաբեր գյուղի ջրամբարում ջրահեղձված քաղաքացի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տղամարդու դին դուրս բերելուց հետո նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության վարչության, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, համագործակցելով Տավուշի մարզային քննչական վարչության հետ, այնուհետև իրացնելով օպերատիվ տվյալները, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Իջևանի ոստիկանություն են տեղափոխում Տավուշի մարզի բնակիչ՝ 57-ամյա Մհեր Շահնազարյանին։

Փաստերի ճնշման տակ վերջինս խոստովանում է, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 17։30-ի սահմաններում Այգեհովիտ բնակավայրի սկբնամասում գտնվող արքայախնձորի այգում իր մոտ եղած որսորդական հրացանով պատահաբար կրակել է Վրեժ Պ-ի կրծքավանդակին, ով տեղում մահացել է։ Իսկ հետ դիակը թաքցնելու նպատակով իր կողմից վարած ԳԱԶ 24 մակնիշի ավտոմեքենայով հին պոլիէթիլենով փաթաթել և տեղադրել է բեռնախցիկի մեջ, ապա տեղափոխել Բերքաբեր բնակավայրի տարածքում գտնվող «Ջողազի լիճ», որտեղ էլ ոտքերից բետոնե սյուներ է կապել և նետել լիճը։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, պարզվելու է նաև՝ արդյո՞ք նրա հայտնած տեղեկությունը հավաստի է, երբ հայտնել էր, որ պատահաբար է կրակել։

———————————————————————————————————————————————
Սեպտեմբերի 6-ին, ժամը 14:44-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերքաբեր գյուղի ջրամբարում ջրահեղձված քաղաքացի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գյուղի ջրամբարից դուրս են բերել տղամարդու դի և մոտ 50 մետր պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Արագածավան բնակավայրի բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Իջևանի բժշկական կենտրոնից, 2022թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Բերքաբեր բնակավայրում գտնվող լճի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ, այդ թվում` դեպքի վայրի զննություն. հիշատակված լճում հայտնաբերվել է տղամարդու դի` կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի աջ հատվածի և այտի շրջանում պատռված վերքերով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որոնվող, անհետ կորած, Արագածավան բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1961թ.:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտման համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: