ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան` տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին

Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության Տավուշի մարզի ենթակառուցվածքներում և նախագծերում ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը

ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց «ԻննոԻջևան» նորարարական հանգույց, Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց և Իջևանի «Իրական դպրոց» ապա ԱՏՁՄ անդամ աշխարհահռչակ «Microchip Technology» ընկերության մասնաճյուղ։
Ընտրված երթուղին պատահական չէ, և մանրամասնորեն ցուցադրում է Հայաստանի տեխնոլոգիական համայնքում տաղանդի զարգացման ընթացքը։

Հայաստանի ավելի քան 600 դպրոցներում գործող «Արմաթ» աշխատանոցներում է տեղի ունենում երեխաների առաջին ծանոթացումը տեխնոլոգիական աշխարհին։ Ապա «Արմաթի» ծրագրերով անցած պատանիները կրթությունը շարունակում են «Իրական դպրոցներում», որոնց թիվը պլանավորվում է հասցնել 60-ի, ինչից հետո, որպես երիտասարդ մասնագետներ կամ տեխնոլոգիական ձեռներեցներ, հայտնվում են նորարարական հաբերում․ «ԻննոԻջևանն» այդպիսի հաբերից է։ Իսկ, թերևս, ամենահաջողակները՝ ժամանակի ընթացքում համալրում են «Microchip Technology»-ի պես առաջատար ընկերությունները։

Նախարարը կարևորել է մարզերում տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերի ներդրումը և իրականացումը, առանձնահատուկ շեշտել «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ծրագրի բացառիկությունը, նաև որպես պետություն-մասնավոր համագործակցության ամենամասշտաբային և հաջողված օրինակներից մեկը։

Տեղի ունեցած քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել  պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության կարևորությանը։  Քննարկվել և պարզաբանվել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման,  նոր ծրագրերի ընձեռած հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։