Չինարիում ու Այգեձորում թզի առատ բերքն իրացման խնդիրների առաջ է

Չինարիում ու Այգեձորում թզի սեզոնն է։ Ամեն տարի այս օրերին սահմանամերձ գյուղերի այգիներում բերքահավաքի եռուզեռ է։ Տասնյակ ընտանիքների համար թուզը տարվա եկամտի գոյացման կարևոր աղբյուր է։ Այս տարի էլ բերքն առատ է։ Գյուղացիները գոհ են այգիների արդյունքից, սակայն բերքը հավաքելուց հետո կանգնում են իրացման խնդրի առջև: Նախորդ տարիների համեմատ այս սեզոնին թզի արտահանման հնարավորությունները սահմանափակվել են։ Դրա ազդեցությունն արդեն զգացվում է գյուղերում։ Բերքը կա, աշխատանքը կատարված է, իսկ վաճառքի պայմաններն ու ծավալները գյուղացու սպասածը չեն։

Գյուղացու համար թզի սեզոնն ամիսների աշխատանքի արդյունքն է։ Այգիների խնամք, մշակություն, բերքահավաք, տեսակավորում․ այս ամենի դիմաց ստացվող եկամուտը կարևոր նշանակություն ունի ընտանիքների համար։ Երբ իրացման շուկան նեղանում է, այդ եկամուտն էլ նվազում է: Միևնույն ժամանակ գյուղացիները հույսը չեն կորցնում։ Արտադրանքի մի մասը շարունակում է իրացվել Հայաստանում, և գյուղերում սպասում են, որ առաջիկայում առևտուրը կակտիվանա։

Նախորդ տարիներին այս օրերին գյուղերի ճանապարհներին կարելի էր տեսնել բերքը տեղափոխող բազմաթիվ բեռնատարների: Մթերման կետերում էլ աշխույժ առևտուր էր։ Գյուղացիները սպասում են, որ այդ շարժը կրկին կվերականգնվի։ Իրացման խնդրին գումարվում է նաև թզի գինը և մթերման պահանջները։ Գյուղացիների խոսքով՝ սահմանված գինը չի համապատասխանում իրենց կատարած ծախսերին, իսկ փոքր չափի պտուղը հաճախ չեն ընդունում։

Չինարիում ու Այգեձորում թզի սեզոնը շարունակվում է։ Գյուղացիները շարունակում են հավաքել ու տեսակավորել բերքը՝ սպասելով գնորդներին և ավելի ակտիվ շուկայի։ Աշխատավոր տավուշեցու սպասումը հիմա այն է, որ իր աշխատանքի համար լինի արժանի շուկա։