Դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարի մեկնարկը տրվեց Տավուշի մարզում
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի մեկնարկը տրվեց Տավուշի մարզում. սեպտեմբերի 10-ին Այգեհովիտ գյուղում կայացավ ֆուտբոլային առաջին հանդիպումը Տավուշի մարզի պատանիների միջև։
Հաղարծին, Այգեհովիտ, Տավուշ և Կոթի գյուղերի թիմերի պատանի ֆուտբոլիստները մրցակցեցին հենց Ռոման Բերոզովսկու ներկայությամբ՝ լավագույնս ներկայացնելով իրենց թիմն ու սպորտային կարողությունները։
Ֆուտբոլային պայքարի արդյունքում առաջին հորիզոնականում Տավուշ գյուղի պատանիներն էին, որոնց պարգևատրեց և խրախուսկան նվերներ հանձնեց Ռոման Բերեզովսկին։ Մրցանակ և պատվոգրեր ստացան նաև 2-րդ տեղ զբաղեցրած Այգեհովիտի, 3-րդ տեղ զբաղեցրած Հաղարծնի և 4-րդ տեղ զբաղեցրած Կոթիի թիմերը։
Սահմանամերձ շրջանում ապրող երեխանների համար ֆուտբոլի մրցաշարը կայացավ Գյումրիի Ռուսական տան, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի, «Բարության ուղի» ՀԿ-ի և Տավուշի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում։
«Մենք անելու ենք մեր ուժերից և հնարավորություններից կախված ամեն ինչ՝ Հայաստանի մարզերի պատանի ֆուտբոլիստներին պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա առաջ մղելու համար»,- այս մասին ասաց Ռոման Բերեզովսկին խաղից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ։
Ասուլիսի ընթացքում ներկաները հետաքրքրվեցին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ներկայիս վիճակի, հնչեցին հարցադրումներ ազգային հավաքականի զարգացման հեռանկարների վերաբերյալ։
Բերեզովսկին նաև իր խորհուրդներով ու փորձով կիսվեց ներկա պատանիների և երիտաաարդների հետ։
Ասուլիսի վերջում կազմակերպիչները հայտարարեցին սեպտեմբերի 15-ին՝ Վայոց ձորի, իսկ 17-ին՝ Սյունիքի մարզերում կայանալիք մրցաշարերի մասին: