Դիլիջան-Իջևան ճանապարհի ջրհեղեղից վնասված հատվածներում շարունակվում են վերակառուցման աշխատանքները

Տավուշի մարզում շարունակվում են 2024 թվականի ջրհեղեղի հետևանքով վնասված Մ4, Դիլիջան-Իջևան միջպետական ավտոճանապարհի 10 ճանապարհահատվածների վերակառուցման աշխատանքները։ Վերականգնվող տեղամասերը ներառում են նաև Թեղուտ և Հաղարծին բնակավայրերի առանձին հատվածները։ Ծրագրի շրջանակում իրականացվում են հենապատերի կառուցման և վերականգնման, գետի հունի մաքրման, ինչպես նաև վնասված ճանապարհահատվածների ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքներ։
«Վերակառուցման ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնում է «Մոստկոնտրակտ» ՍՊԸ-ն», – այս մասին տեղեկացնում են Դիլիջանի համայնքապետարանից։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Տավուշի և Լոռու մարզերում վարարել էին Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը՝ առաջացնելով բազմաթիվ արտակարգ իրավիճակներ։ Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստև գետի վարարումը փլուզել էր երեք բնակելի տուն, ջրածածկել գետի ափամերձ տներն ու շինությունները, ինչպես նաև վնասել Մ4 Իջևան-Դիլիջան-Երևան միջպետական ավտոճանապարհի Հաղարծինի հատվածը։

Կարդացեք նաև՝